Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

20 հուն 2020 11:16

Կուտոյանի մահվան հետքերը չպետք է միայն Հայաստանում փնտրել.չեմ կարծում, որ Փաշինյանը կուլ կտա Նաիրիի նետած խայծը

Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը նամակ է գրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վարչապետի աշխատակազմից հաստատել են տեղեկությունը, որ ստացել են Նաիրի Հունանյանի նամակը։


Անցյալ տարի էլ՝ Հոկտեմբերի 27-ի քսանամյա տարելիցի նախօրեին, Նաիրի Հունանյանը դիմել էր ՔԿՀ-ին՝ իրեն պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու խնդրանքով, հաշվի առնելով, որ ինքը քսան տարի անազատության մեջ է։
1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում գտնված և ահաբեկչության հետևանքով տուժած ԱԺ նախկին պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Նաիրի Հունանյանին հույսեր են ներշնչել ինչ-որ շրջանակներից, որ նա ազատ կարձակվի, այդ պատճառով էլ նամակ է գրել։


«Նա շահարկում է Հոկտեմբերի 27-ի գործը. եթե ասելիք ուներ, այսքան տարի թող ասեր, ո՞վ էր խանգարում։ Ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը կուլ կտա Նաիրիի նետած խայծը»,- ասաց նա։
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, անդրադառնալով Նաիրի Հունանյանի նամակին և նույն օրը հրազենային վիրավորումից իր տանը ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի սպանությանը, հիշեցնում է, որ իրավապահ համակարգը 20-25 տարի առաջնորդվել է կրիմինալի շահերով՝ անտեսելով պետական շահը։
Նա նկատում է, որ ԱԱԾ նախկին տնօրենի սպանությունը թուլացնում է մեր երկրի անվտանգությունը, քանի որ Գեորգի Կուտոյանը տիրապետում էր երկրի անվտանգությանը վերաբերող մեծ ծավալի տեղեկատվության։ Ըստ Մակեյանի՝ այս ամենը հիշեցնում է 1997-99 թվականները, երբ հարցերը փորձում էին լուծել սպանություններով։
Ինչ վերաբերում է Նաիրի Հունանյանի նամակին, ապա Մակեյանը նկատում է, որ եթե ահաբեկչության պարագլուխը փորձի բացահայտել իրական պատվիրատուին, ապա նա դատարան չի հասնի։
«Կարծում եմ՝ նա քայլ է անում, ինչ-որ բաներ է մոգոնում, որպեսզի ազատություն ստանա։ Երբ նա քսան տարի է, ինչ այդ խցում է, հազար ու մի տարբերակներ պետք է մտածի այնտեղից դուրս գալու մասին։ Հույս ունենալով, որ վարչապետը մաֆիայի ներկայացուցիչ չէ, նախկին լրագրող է, փորձում է ինչ-որ բան ստանալ։ Ես կասկածում եմ, որ նա կբացահայտի պատվիրատուին, քանի որ ինքն այդքան միամիտ չէ, հասկանում է, որ եթե բացահայտի պատվիրատուին, ապա դատարան չի հասնի…»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Պետրոս Մակեյանը։
Մեր զրուցակիցը կարծում է, որ Գեորգի Կուտոյանի սպանության հետքերն էլ չպետք է միայն Հայաստանում փնտրել, կա նաև արտաքին հետքը։
Մակեյանը նկատում է, որ Գեորգի Կուտոյանն ունի ընտանիք, լավ կրթություն, ինչո՞ւ պետք է ինքնասպան լիներ, ինչի մասին տարածեցին որոշ ԶԼՄ-ներ։
«Եթե անգամ պարզվի, որ ինքնասպանություն է, ապա ինչ-որ ուժեր են նրան դրդել ու պարտադրել գնալու ինքնասպանության»,- ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր