Արցախում ներքաղաքական իրավիճակը լարվում է.«Ժողովուրդ»
Վերջին շաբաթներին Արցախում, մասնավորապես Քարվաճառի շրջանում, սկսվել է գործող և նոր կառուցվելիք ՀԷԿ-երի դեմ պայքար, որը, սակայն, պարունակում է խորը քաղաքական կամ նախընտրական քարոզչության նպատակներ։ Խոսքը քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի մասին է, որն այս տարվա հունվարի 20-ից հացադուլի մեջ է։ Նա արդեն տևական ժամանակ է՝ բարձրաձայնում էր Արցախի գետերի վրա կառուցվող փոքր ՀԷԿ-երի ավերիչ հետևանքների մասին, ցույց էր տալիս մասնավորապես Թարթառ (Տրտու) գետի էկոհամակարգի վրա ունեցած կործանիչ ազդեցությունը։ Եվ հետո որոտեց նաև ծայրահեղ քայլի՝ հացադուլի է դիմել։
Սակայն, ըստ էության, հացադուլի պատճառները բավականին խորն են և ամենևին ոչ միայն բնապահպանական։ Բավական է հայացք գցել Քանանյանի անցյալին, նրա ունեցած կապերին, և ամեն ինչ պարզ է դառնում։
Մասնավորապես, գաղտնիք չէ, որ հացադուլով պայքար սկսած Ալեքսանդր Քանանյանը Մասիս Մայիլյանի անմիջական շրջապատից է, ով նաև 2007 թվականին եղել է նախագահի թեկնածու Մայիլյանի շտաբի անդամ։ Եվ հետաքրքիր է, որ այժմ ևս երկուսն էլ չեն թաքցնում իրենց մտերմությունը։ Մասնավորապես, Մայիլյանը հացադուլից մի քանի օր հետո ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Խորապես մտահոգված եմ իմ լավ ընկեր, 2007-ի նախագահական ընտրությունների ժամանակ մեր քաղաքական թիմի անդամ Ալեքսանդր Քանանյանի առողջությամբ, մշտապես կապի մեջ եմ նրա հետ և ինձնից կախվածն անում եմ իրավիճակից ամենաարդյունավետ ելքը գտնելու համար։ Հենց այդ նպատակով էլ Ալեքսի հացադուլի առաջին օրվա երեկոյան մեկնել եմ Քարվաճառ և մինչեւ ուշ գիշեր նրա հետ քննարկել, թե՛ առողջական վիճակի հետ կապված հարցեր, թե՛ իրավիճակի հանգուցալուծման ուղիներ»։ Իսկ, ահա, Քանանյանն էլ մինչ հացադուլը՝ լրատվական կայքերում որպես քաղաքագետ խոսելիս, Մայիլյանի մասին նշել էր. «Ինքս պատիվ եմ ունեցել մասնակցելու 2007 թվականի նրա նախագահական ընտրարշավին։ Որոշակիորեն հավանական է, որ նախընտրական զարգացումների հաջորդական փուլերից մեկում նա դառնա ներարցախյան քաղաքական «համերաշխության» լայն համաձայնության թեկնածուն»։
Քանանյանի հացադուլից օրեր անց, երբ Բակո Սահակյանն այցելել էր Քարվաճառ, հացադուլ արած քաղաքագետը հայտարարեց, թե նրա հետ չի հանդիպի։ «Այս օրերին նա երկու անգամ փորձել է ինձ հանդիպել, բայց ես հրաժարվել եմ», - հայտարարել էր նա։ Սա էլ իր պատճառներն ունի, քանի որ Բակո Սահակյանն իր թիմակիցների հետ վերջին հանդիպման ժամանակ հայտարարել է, թե իրենք ոչ ոքի չեն սատարելու, սակայն պետք է խոստանան, որ ով էլ հաղթի ընտրություններում, պետք է շնորհավորեն ու կանգնեն նրա կողքին։
Ուշագրավն այն է, որ հացադուլ հայտարարած քաղաքագետը, ըստ էության, բավականին կոշտ ընդունելության արժանացրեց Արցախի նախագահ Բակո Սահակյանին Քարվաճառում։ Ասել է թե՝ Արցախի արտգործնախարար Մայիլյանը դուրս է եկել նախագահ Սահակյանի դեմ։ Հետաքրքիր իրավիճակ է։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։