Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

06 փետ 2020 13:35

Տեսանյութ. այսօրվա գործընթացները, քննությունը արդյոք նպաստո՞ւմ են մարտի 1-ի 10 զոհերի սպանության բացահայտմանը,կարծում եմ՝ ոչ

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հանդիպում է ունեցել տպագիր մամուլի 9 գլխավոր խմբագիրների հետ և այդ ընթացքում պատասխանել նրանց հարցերին:

Դիտարկմանն առ այն, որ մինչև 2018թ. իշխանափոխությունը լայն շրջանակների կողմից Վանեցյանը հայտնի չի եղել և փաստացի Նիկոլ Փաշինյանը վստահել է նրան, որից հետո նա բավականին հայտնի է դարձել և հարցին՝ արդյո՞ք զուտ բարոյական նկատառումներով ճիշտ չէր լինի հրաժարականն առանց հայտարարությունների անելը, ավելի հանդարտ հրաժարական տալը, Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ իր աշխատանքը վերջին 20 տարիներին չի ենթադրել հանրային գործունեություն, դա է պատճառը, որ ինքը հանրային ճանաչում չի ունեցել:
«Եվ կարող եմ ասել, որ, բացի Նիկոլ Փաշինյանից, մնացած այն մարդիկ, ովքեր այսօր եկել են իշխանության, նրանցից գրեթե 98 տոկոսը հանրային ճանաչում չի ունեցել: Իշխանության գալուց հետո յուրաքանչյուրն իր աշխատանքով կարողացավ իր տեղը զբաղեցնել այս հասարակության մեջ, և այն տեղը և դերը, որը զբաղեցվեց ԱԱԾ-ի կողմից և անձամբ իմ կողմից, դուք բոլորդ ականատես եք եղել, թե ինչ ահռելի մեծ վստահություն է ձեռք բերել ԱԱԾ-ն, թե ինչ վերաբերմունքի եմ արժանացել ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, մեր հասարակության կողմից:


Ինչ վերաբերում է բարոյական կողմին. բարոյական չէր լինի այն, եթե ես կոնֆորմիզմից ելնելով՝ շարունակեի զբաղեցնել իմ պաշտոնը և չբարձրաձայնեի վտանգների մասին: Իմ և Նիկոլ Փաշինյանի միջև եղել են տարաձայնություններ, որի մասին ես բարձրաձայնել եմ իմ հրաժարականի տեքստով: Տարաձայնությունները հիմնականում եղել են քաղաքացու, հասարակության և պետության ընկալումների մեջ: Եթե կուզեք՝ մեր տարաձայնությունները եղել են, առհասարակ, կյանքի ընկալման և վերաբերմունքի մեջ: Ես Նիկոլ Փաշինյանին, հրաժարականիցս առաջ, առավել ևս՝ հրաժարականից հետո, ոչինչ պարտք չեմ: Ես կատարել եմ իմ աշխատանքը, ես արել եմ ամեն ինչ, որպեսզի հեղափոխության ժամանակ տրված խոստումները մեր հասարակությանը՝ իրականանան»,-ասաց Վանեցյանը:
Դիտարկմանը, թե ամեն դեպքում տարբեր կարծիքներ կան՝ կամ իրեն մեղադրում են, որ դավաճանել է Փաշինյանին, կամ մեղադրում են Փաշինյանին, որ ժամանակին վստահել է իրեն, Արթուր Վանեցյանն ասաց, որ դավաճան կոչվելու գնահատականից թող վախենան նրանք, ովքեր դավաճանեցին հեղափոխության գաղափարներին, թող վախենան նրանք, որոնք իրենց անձնական շահը վեր դասեցին հանրային շահից և նրանք, ովքեր շատ կարճ ժամանակ հետո սթափվելու են և ասելու՝ չենք հասկացել, թե ինչ ենք անում:
Հարցին, թե անուններ չի՞ հայտնում, Արթուր Վանեցյան ասաց, որ անուններ չի կարող տալ, բայց խոսքը վերաբերում է այն շրջանակին, որն այսօր իշխանության մեջ է:
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանին ձերբակալելուն և Ռոբերտ Քոչարյանի գործին, հարց հնչեց, թե ովքե՞ր էին տվել հանձնարարություն՝ պլանավորել և իրականացնել «տուշոնկա շոուն», Քոչարյանի կալանքի օպերացիան:
«Ես չեմ կիսում Ձեր գնահատականը, որ «տուշոնկա շոուն» կազմակերպված ինչ-որ միջոցառում էր, ԱԱԾ-ն իրականացրել է լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ և բացահայտել է կոնկրետ հանցագործություններ: Հետագայում ինչ գնահատականներ տրվեցին այդ ամենին, ես չեմ դրա պատասխանատուն, բայց այն, ինչ ներկայացվել է ԱԱԾ-ի կողմից տարածված տեսանյութի մեջ, ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը: Իսկ քննությունն իրականացվել է արդեն ՀՔԾ-ում՝ նախաքննության հետ: ԱԱԾ-ն որևէ առնչություն չի ունեցել, և եթե կան որոշակի հարցեր, դժգոհություններ, այդ հարցով պետք է դիմել նախաքննությունն իրականացնող մարմնին: Բացի այդ, այսօր ընթանում է դատաքննություն, և բոլոր ապացույցները, ի վերջո, հանրությանը դառնալու են հասանելի, և գնահատականը կտրվի:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի գործին՝ ես դա չէի կոչի Ռոբերտ Քոչարյանի գործ, «Մարտի 1»-ի գործի բացահայտման մասին է խոսքը, բայց «Մարտի 1»-ի գործ ասելիս՝ հասկանում ենք, որ առաջնահերթությունը պետք է տրվեր 10 զոհված մարդկանց սպանությունների բացահայտմանը: Հիմա հարց է առաջանում՝ այսօրվա գործընթացները, քննությունը արդյոք նպաստո՞ւմ են այդ 10 զոհերի սպանության բացահայտմանը: Կարծում եմ՝ ոչ»,-ասաց Վանեցյանը:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին՝ Արթուր Վանեցյանն ասաց, որ վերջինիս խափանման միջոցը՝ կալանավորումը, ընտրված է սխալ, և նա երբևիցե որևէ իր քայլով չի ցույց տվել, թե խուսափում է քննությունից: «Կարծում եմ՝ ճիշտ կլիներ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերանայվեր, դա նաև կթուլացներ լարվածությունը հասարակության որոշ հատվածներում և միայն կնպաստեր գործի լիարժեք քննությանը և բացահայտմանը, իսկ մենք՝ բոլորս, ուզում ենք, որ «Մարտի 1»-ի գործը բացահայտվի: Ես չեմ կարծում, որ կա որևէ մեկը, որը դեմ է «Մարտի 1»-ի գործի բացահայտմանը»:
Հարցին, թե իսկ իր կարծիքով՝ «Մարտի 1»-ի գործ ասվածը չի՞ ենթադրում նաև պատասխանատվության կանչել գլխավոր սադրիչին՝ Նիկոլ Փաշինյանին, Արթուր Վանեցյանն ասաց, որ  նորից չի ուզում կիսել այդ գնահատականը:
«Ես կարծում եմ, որ քննությունը պետք է իրականացվի բազմակողմանի, լիարժեք, որպեսզի որևէ մի կողմի մոտ հարցեր չծագեն: Քննության ընթացքում, եթե կպարզվի, որ մեղավոր է այս կամ այն գործող անձը, պետք է նրանց ևս կանչել պատասխանատվության: Բայց քանի դեռ չունենք քննությամբ ապացուցված որևէ մեղադրանք, որևէ մեկին մեղադրելու իրավունք չունենք»,-ասաց ԱԱԾ նախկին տնօրենը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր