Խամաճիկային ընդդիմությունը պետք է լրիվ այլ բան աներ. Խորհրդարանական ընդդիմությունն օգնեց իշխանություններին. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Միայն Հայաստանում է հնարավոր նույն օրը և՛ ՍԴ հիմնադրման 24-ամյակ նշել, և՛ խորհրդարանում յուրահատուկ «շնորհավորանքի» գործընթաց սկսել ՍԴ գործող կազմը լուծարելու նպատակով։ Այն, ինչ երեկ խորհրդարանում տեղի ունեցավ, պարզ ցուցանեց ոչ միայն իշխանության դիլետանտությունը, այլև ընդդիմության անողնաշար կեցվածքը։
Երեկ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն ապացուցեցին, որ առաջնորդվում են իշխանության օրակարգով և չունեն սեփական գործողությունների ծրագիր։ Նրանք լեգիտիմացրին այն գործընթացը, որը հայտարարությունների մակարդակում հակասահմանադրական են որակում։
Այսինքն՝ մասնակցեցին ԱԺ-ի այն նիստին, որը, ինչպես Էդմոն Մարուքյանն է պնդում, արդեն ունի մշակված սցենար։ «Քաղաքական մեծամասնությունը ՀՀ Սահմանադրության այն հոդվածը, որն ուզում է փոխել, կարող է փոխել խորհրդարանում, բայց երկրորդ ընթերցման փաստաթղթեր չեն ներկայացրել: Ինչու՞։ Որպեսզի առաջին ընթերցումից հետո տապալեն նախագիծը, որ գնա հանրաքվեի: Եթե այդ փոփոխությունը կարող է անել խորհրդարանը, ինչու՞ եք ժողովրդին տանում ընտրատեղամասեր:
Ինչու՞ է պետք մինչև մայիս ունենալ քարոզարշավ և մի հոդված փոփոխելու համար ժողովրդին տանել ընտրատեղամասեր»,- հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավարը, ըստ էության, կրկին վերահաստատելով, որ իրենք մասնակցում են ու օրինականացնում այս գործընթացը։
Մինչդեռ իրական, ոչ թե խամաճիկային ընդդիմությունը պետք է լրիվ այլ բան աներ։ Երկու պարզ քայլ, որով կապացուցեր, որ իշխանության թելը չեն թելում և խորհրդարանական երկրում ունեն որոշակի լծակ իշխանության քաղաքականության վրա ազդելու»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: