ՀՀԿ-ն իր հայտարարությունը պիտի այսպես վերնագրեր՝Տղեք, մենք արել ենք՝ ղալաթ ենք արել, դուք մի արեք

Այ, այ, այ... ՀՀԿ-ն հայտարարւթյուն է տարածել՝ «...հանրաքվեի դրական արդյունքի դեպքում ձևավորվելիք սահմանադրական դատարանը կազմված է լինելու բացառապես իշխող ուժին լոյալ ներկայացուցիչներից»: ՀՀԿ-ից լավ է՞լ ով գիտի քաղաքական օրենսդիր և գործադիր իշխանությունների՝ դատարանների վրա ազդելու հնարավորությունները: Շատ հարուստ փորձ ունեն և հիրավի լավ գիտեն, որ այսպես է եղել Հայաստանում Սահմանադրական դատարան ունենալու օրվանից, լինի ՀՀՇ, Ռոբերտ Քոչարյան, ՀՀԿ, և մեծ հավանականությամբ իսկապես այսպես կլինի նաև այսօր: Սա անկախ Հայաստանի դատա-իրավական համակարգի հիմնարար «լուծումն» էր, որը ժառանգվում է մեկ իշխանությունից մյուսին: Սահմանադրական դատարանը վաղուց է զրկվել Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորությունների իրականացումից, ավելի ճիշտ չի զրկվել, ուղղակի երբեք չի ունեցել: Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը գործնականում ապահովել էր այդ ընթացքը և հենց այդպես էլ ժառանգություն թողեց Հրայր Թովմասյանին: Դա դատարան չէր, իշխող կուսակցության և օլիգարխների ցանկությունների թերթիկի վրա կնիք էր: Նույնիսկ սովորական սեփականության իրավունքների քրեական հանցագործ խախտումներն այստեղ դառնում էին օրինական, և ՀՀԿ-ի մեջ երբեք հարց չբաձրացավ, թե ինչո՞ւ ՍԴ-ում «օրինականության կնիք» ստացած զավթումները Եվրոպական դատարանից ետ էին գալիս և շարունակում են ետ գալ որպես իրավունքի խախտումներ: Որքա՜ն է գրվել և ասվել այս մասին, որքա՜ն քմծիծաղ է հաջորդել մարդկանց տառապանքներին ու բողոքներին: Ցավոք: Ավելի ցավոտ է, որ իսկապես կարող է այդպես էլ շարունակվել: ՀՀԿ-ն իր հայտարարությունը պիտի վերնագրեր՝ «Տղեք, մենք արել ենք՝ ղալաթ ենք արել, դուք մի արեք»: Գուցե և այդպես վերնագրեր, եթե նպատակը չլիներ ամեն գնով պահպանել ՍԴ կազմի բացառապես ՀՀԿ-ի նվիրյալ ներկայացուցիչներին»: