Այս տարվանից Հայաստանում մինչև ամուսնությունը զույգերը կարող են անցնել անվճար բուժզննություն
Նախկինում գործող ծառայությունների ֆինանսավորման դադարեցումը նախարարությունը կոմպենսացնում է պոլիկլինիկաներում նոր անվճար ծառայությունների ներդրմամբ, որից կարող են օգտվել զույգերը մինչև ամուսնությունը:
Նրանք մինչև ամուսնությունը հնարավորություն կունենան առաջնային օղակներում անվճար օգտվելու լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններից։
«Վերնագրված է ծնելիության բարելավում՝ առողջության վիճակով պայմանավորված, ամբողջ իմաստը ծրագրի հենց դա է, որ կարողանանք նպաստել ծնելիության բարելավմանն ու նաև անպտղության բուժմանը»,- նշում է Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության առողջապահական բաժնի պետ Լեյլի Ասլանյանը։
Այսինքն՝ այն զույգերը, որոնք ծրագրում են ամուսնանալ, ցանկության դեպքում կարող են անցնել նեղ մասնագիտական ու լաբորատոր գործիքային հետազոտություններ:
Բժիշկները կարծում են, որ նոր ծառայության ներդնումը դժվարություններ կունենա։
«Բնակչության մեծ մասը դեռ պատրաստ չէ, որովհետև մեր կրթական համակարգը դեռ շատ թերի է»,- իր մտահոգությունն է հայտնում Գյումրու «Միջազգային Կարմիր Խաչի անվան պոլիկլինիկա»-ի մանկական բաժնի ղեկավար Անահիտ Սանթրոսյանը՝ հավելելով, որ ծրագիրը անհրաժեշտ է, և սա արտասահմանյան զարգացած երկրներում դեռ տարիներ առաջ ներդրված ու բարձր ցուցանիշ ապահոված ծրագիր է եղել:
«Պետք է բնակչության տեղեկացվածությունը բարձրանա, մենք այստեղ հաստատ անելիք կունենանք»,- կարծում է Լեյլի Ասլանյանը։
Ուռոլոգիական, գինեկոլոգիական, սեքսոպաթոլոգիական կաբինետներում ու լաբորատոր հետազոտություններ անցնելու համար մինչ ամուսնանալը զույգերը պետք է տեղեկանք ներկայացնեն Քաղաքացիական ակտերի գրանցման գրասենյակից, և երեք ամիսների ընթացքում մայրաքաղաքում ու մարզերում գործող հատուկ 22 բուժհաստատություններում անցնեն իրենց բուժզննությունը:
Պոլիկլինիկաներում ներդրված նոր ծառայությունից օգտվելու դրույթներն ու մանրամասները կհրապարակվեն առաջիկայում: