Վտանգավոր թեզ. ո՞ւմ էին ուղղված Արցախի հարցով նրա ուղերձները. «168 ժամ»

Իրականում լեզվական ու հռետորաբանական տեսանկյունից հաջողված թվացող այս մանիպուլյատիվ թեզը շատ վտանգավոր է։ Որովհետև Փաշինյանի առաջ քաշած տրամաբանությամբ՝ ստացվում է, որ, եթե վաղն Ադրբեջանը, ասենք, միջազգային հանրության աջակցությամբ կամ միջնորդությամբ ներկայացնի Արցախի անվտանգության ինչ-ինչ երաշխիքներ, հայկական կողմը կարող է նաև մտածել՝ անվտանգությունը, իմա՝ տարածքները զիջելու մասին։
Իրականում Ադրբեջանը կարող է օգտագործել այս հնարավորությունը, ստանձնել Արցախի անվտանգության ապահովման ինչ-որ պարտավորություններ, ասենք՝ 2 կամ 5 շրջանի վերադարձի դիմաց։ Այդ անվտանգությունը կարող է նաև ապահովվել որոշակի ժամանակ, մինչև գործարքի ավարտը, որից հետո Ադրբեջանի ձեռքերը կարող են ազատվել, և այն որևէ պատրվակով կարող է վերադառնալ Արցախի անվտանգությանը սպառնացողի իր կարգավիճակին։ Ու ստացվում է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը փաստացի հայտարարում է տարածքների զիջման պարտականության մասին՝ ոչնչի դիմաց։
Նախկինում, ի դեպ, Հայաստանի ղեկավարությունը ևս խոսել է զիջումների, փոխզիջումների պատրաստակամության մասին, սակայն միշտ հայտարարվել է դրա պայմանը՝ Արցախի կարգավիճակի ճանաչում։ Ավելին՝ Սերժ Սարգսյանը մշտապես կրկնում էր «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» արտահայտությունը, ինչն այս երկու տարիների ընթացքում ոչ մի ամբիոնից և ոչ մի ելույթում Նիկոլ Փաշինյանը չի նշել:
Այսօր Արցախի կարգավիճակի հարցը, կարծես, մղվել է երկրորդական պլան, Նիկոլ Փաշինյանի ու Զոհրաբ Մնացականյանի բառամթերքից ընդհանրապես անհետացել են «անկախություն», «ազգերի ինքնորոշում» եզրերը։ Հիմա առաջին պլան է մղվել անվտանգությունը, որի ապահովման ադրբեջանական երաշխիքները կարող են հեղհեղուկ լինել այնքան, որքան մինչև այսօր ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը։
Մնում է հասկանալ՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մտել այս վտանգավոր ու անհեռանկար խաղի մեջ, և ո՞ւմ էին ուղղված Հանրային հեռուստաընկերությանը տված նրա հարցազրույցի այդ ուղերձները։ Հաստատ ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ, առավել ևս, Արցախի հանրությանը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: