Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին՝ գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին          Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղում երթի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի       Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ    

27 փետ 2020 10:17

Անկարան կրկին կարող է Բաքվին հրահրել որեւէ սադրանքի ղարաբաղյան հակամարտության շփման գծում. Կրեմլը կարող է «պաուզա» պահել

«Փաստ» թերթը գրում է. «Սիրիական Իդլիբի շուրջ կրկին ծայր առած ռուս-թուրքական հակադրությունը չի հանգուցալուծվում: Կողմերը շարունակում են միմյանց մեղադրել անցած տարեվերջին Սոչիում կայացած պայմանավորվածությունների խախտման մեջ: 
Իսկ ոչ վաղ անցյալի փորձը հուշում է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածության ցանկացած դրսեւորում այս կամ այն կերպ իր արտահայտությունն է գտնում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր գործողություններում:



1998-ին Ալիեւի եւ Դեմիրելի նախաձեռնությամբ ստորագրված ռազմավարական համագործակցության պայմանագրով Բաքուն եւ Անկարան որդեգրել են «Մեկ ազգ՝ երկու պետություն» կոնցեպցիան եւ պարտավորվել ցանկացած իրավիճակում սատարել միմյանց: Անցած 20 եւ ավելի տարիները ապացուցել են, որ Թուրքիա-Ադրբեջան գործակցությունը շատ ամուր հիմքեր ունի, եւ կողմերը բոլոր ոլորտներում միմյանց հետ համակարգում են իրենց գործողությունները: 
Այդ թվում՝ հատկապես Հայաստանի եւ Արցախի մասով՝ դիտարկելով հայկական կողմը որպես գլխավոր հակառակորդ: Թեպետ մյուս կողմից՝ հենց այդ իրադրությունն է ստիպել խոշոր աշխարհաքաղաքական կենտրոններին, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահ պետություններին առ այսօր ձեռնպահ մնալ ղարաբաղյան հակամարտությունը ամբողջությամբ Ադրբեջանի օգտին լուծելուց: 
Քանզի բոլորի համար պարզ է, որ Բաքվի հաղթանակը Հայաստանի եւ Արցախի նկատմամբ կնշանակեր Թուրքիայի հաղթանակ եւ նրա դիրքերի աննախադեպ ուժեղացում տարածաշրջանում: 
Ռուս-թուրքական նոր լարվածության ֆոնի վրա կարծես առարկայական է դառնում մտահոգությունը, որ Անկարան կրկին կարող է Բաքվին հրահրել որեւէ սադրանքի ղարաբաղյան հակամարտության շփման գծում՝ այդպիսով Ռուսաստանին իր ազդեցությունը ի ցույց դնելու համար: 
Ի վերջո, Սիրիայում Թուրքիան ակնհայտորեն չունի այդքան ուժ՝ ռուս-իրանա-սիրիական եռյակին իր պահանջները պարտադրելու համար: Ըստ այդմ, Թուրքիան սովորության համաձայն կարող է լարվածությունը տեղափոխել Հարավային Կովկաս: 
Չմոռանանք, որ 2016-ի ապրիլին էլ ռուս-թուրքական հարաբերությունները սիրիական հարթակում աննախադեպ սրվել էին՝ ռուսական ռազմական օդանավի խոցման պատճառով, եւ հենց այդ ֆոնի վրա էլ Ադրբեջանը սադրեց քառօրյա պատերազմը: Նախօրեին էլ Թուրքիայի նախագահ Էրդողանը Բաքվում էր եւ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսում կրկին վերհիշեց ադրբեջանցիների, այսպես կոչված, «ցեղասպանությունը» Խոջալուում, եւ կրկին համապարփակ աջակցություն խոստացավ Բաքվին՝ տարածքային ամբողջականության վերականգնման դեգերումներում: 
Ուշագրավ է նաեւ, որ Էրդողանի այցին զուգահեռ, Ժնեւում կայացած միջազգային միջոցառման շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Զ. Մնացականյանը հանդիպում ունեցավ Ռուսաստանի իր գործընկերոջ՝ Ս. Լավրովի հետ: 
Ըստ տարածված տեղեկատվության, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ղարաբաղյան կարգավորման գործընթացը եւ իրավիճակը Սիրիայի  շուրջ: Հաշվի առնելով, որ հանդիպումը նախօրոք պլանավորված չէր, չի բացառվում, որ Էրդողան-Ալիեւ հանդիպման ֆոնին Մոսկվայի եւ Երեւանի միջեւ դիրքորոշումների եւ հնարավոր գործողությունների ճշգրտման անհրաժեշտություն է առաջացել: 
Մանավանդ որ Սիրիայում է նաեւ ականազերծողների հայկական հումանիտար զորախումբը, եւ այս ուղղությամբ էլ Թուրքիայի կողմից հնարավոր սադրանքները չի կարելի բացառել: 
Բայց միաժամանակ կա մեկ այլ խնդիր. հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդրահարույց եւ անթաքույց անվստահությունը Մոսկվայի կողմից՝ Հայաստանի «հեղափոխական» իշխանության նկատմամբ: Անցած 2 տարում պաշտոնական Երեւանը՝ Արեւմուտքում ավելի ընկալված լինելու մոլուցքի մեջ, կատարել է բազմաթիվ անիմաստ եւ անմիտ քայլեր, որոնք Մոսկվայում կայուն դժգոհության մթնոլորտ են ձեւավորել Փաշինյանի կառավարության նկատմամբ: 
Այդ դժգոհությունը ռուսական փորձագետներն ու լրատվամիջոցները վաղուց արդեն արտահայտում են անթաքույց: Հատկապես ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ բոլոր գագաթաժողովների լուսաբանման ժամանակ առկա է կանոնավոր հեգնանքի դրսեւորում Հայաստանի կառավարության նկատմամբ: Այ, սա իսկապես աննախադեպ իրավիճակ է եւ պրոբլեմ, եթե Ադրբեջանը Անկարայի դրդմամբ կրկին փորձի դիմել որեւէ սադրանքի: Հասկանալի է, որ Մոսկվայի համար սկզբունքորեն ավելի կարեւոր են իր ռազմավարական շահերը եւ տարածաշրջանում կայունության պահպանումը: 
Բայց մյուս կողմից՝ ամենեւին չի բացառվում, որ ղարաբաղյան շփման գոտում որեւէ սադրանքի դեպքում Կրեմլում կարող է առաջանալ ինչ-որ պահի «պաուզա» պահելու ցանկություն՝ Հայաստանի ղեկավարությանը խելքի բերելու համար: Նաեւ տեսնելու, թե հայկական կողմը ինչպես է դուրս գալու նեղ դրությունից՝ առանց տարածաշրջանում ազդեցիկ դաշնակցի աջակցության: 
Ըստ այդմ, թերեւս անհրաժեշտ է անցկացնել Մոսկվայի հետ հրատապ կոնսուլտացիաներ, ճշգրտել դիրքորոշումները եւ վերականգնել փոխադարձ վստահության մթնոլորտը: 
Եվ այդ ամենը պետք է անել՝ ելնելով այն պարզ իրողությունից, որ այս պահին ադրբեջանական հնարավոր սադրանքը կանխելու իրական օպերացիոն հնարավորություններ այս տարածաշրջանում ոչ մի աշխարհաքաղաքական բեւեռ չունի՝ Ռուսաստանից բացի: ԱՄՆ-ում նախընտրական մթնոլորտ է, եւ ամեն ինչ ենթակայեցված է ապագա ընտրություններում թեկնածուների դիրքերի ամրապնդմանը: Իսկ Եվրոպան ունի միջամտության միայն քաղաքական, բայց ոչ ուժային ռեսուրսներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր