Դատախազությունը չի ստացել փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով կասկածյալին ազատ արձակելու որոշումը

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Դատախազը դատական նիստին առարկել է գրավի միջնորդությանը։ Դատարանը մասնակի բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը, և կիրառել գրավ։ Դատական ակտը դեռևս չենք ստացել, ստանալուց հետո կքննարկեն բողոքարկելու հարցը»,- ասաց Խաչատրյանը:
Հիշեցնենք` Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել է, որ զինծառայող Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը:
Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Հարություն և Զավեն Գրիգորյանները բռունցքով և մահակով հարվածներ են հասցրել Արա Մխիթարյանի գլխի շրջանին ու նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել ծանր վնաս: Մեղադրյալներ Հարություն և Զավեն Գրիգորյանների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: