ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել։
«Մեր խորին ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին:
Վերջին օրերին սա Ադրբեջանի հերթական փորձն է միտումնավոր կերպով սրելու իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին. մարտի 6-ին ադրբեջանական զինված ուժերը փորձել էին իրականացնել դիվերսիոն ներթափանցում Տավուշի շրջանում:
Ադրբեջանի պարբերական փորձերը սրելու իրավիճակը Հայաստանի հետ պետական սահմանին, ընդլայնելու լարվածության աշխարհագրությունը և չկիրառելու առկա լարվածության նվազեցմանն ուղղված մեխանիզմները վկայում են, որ տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի քայլերը կրում են միտումնավոր բնույթ:
Ադրբեջանի նման գործողությունները փաստում են, որ ԼՂ խաղաղ գործընթացում ռիսկերի նվազեցման միջազգային մեխանիզմների ներդնումը կարևոր գերակայություն է, և այս ուղղությամբ առկա պայմանավորվածությունների կյանքի կոչումն անհրաժեշտ պայման է խաղաղ գործընթացի հետագա առաջմղման համար»,-ասվում է հայտարարության մեջ: