Կորոնավիրուսով հիվանդին կրկին հետազոտում են Հայաստանում. շուտով նրան կարող են դուրս գրել հիվանդանոցից
![](https://med.news.am/static/news/b/2020/03/25456.jpg)
Առողջապահության նախարարությունից NEWS.am Medicine-ին հայտնել են, որ ներկայումս ո՛չ հիվանդի, ո՛չ նրա հետ շփված մարդիկ բարձր ջերմաստիճան, կամ վարակի այլ նշաններ չունեն: Հիվանդն այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ, բայց բուժում չի ստանում, քանի որ ախտանիշներ չկան:
Մասնագետների խոսքով` եթե կրկնակի թեստի արդյունքները բացասական լինեն, ապա կանցկացվի եւս մեկը: Եթե երկու թեստերի արդյունքներն էլ բացասական լինեն, հիվանդը դուրս կգրվի հիվանդանոցից: Նույնը վերաբերում է կարանտինում գտնվող մարդկանց:
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն ախտորոշվել էր մարտի 1-ին: Հիվանդն Իրանից վերադարձած մի տղամարդ էր, որն այժմ գտնվում է "Նորք" ինֆեկցիոն հիվանդանոցում: Բոլոր նրանք, ում հետ տղամարդը շփվել է վերադառնալուց հետո, կարանտինացված են: Հետաքրքիր է, որ հիվանդի կնոջ մոտ որեւէ ախտանիշ չի հայտնաբերվել, կորոնավիրուսի թեստերի արդյունքները եւս բացասական են եղել: