Հայաստանի ամբողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարվեց
![](https://galatv.am/wp-content/uploads/2018/08/TM_6577-1.jpg)
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հրապարակեց արտակարգ դրության առաջարկվող կետերը։
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 17:00-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 16-ը, ժամը 09:00-ն, ներառյալ՝ ժամկետով հայտարարել արտակարգ դրություն:
Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծել պարետատուն (այսուհետ` Պարետատուն): Պարետատան ղեկավարման համար պարետ նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին (այսուհետ` Պարետ):
Պարետատան կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների, առողջապահության, ֆինանսների, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարները: Պարետատան անհատական կազմը հաստատում է պարետը:
Պարետատան աշխատանքների սպասարկումը ապահովում է վարչապետի աշխատակազմը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը:
Պարետի հրավերով պարետատան աշխատանքներին կարող են մասնակցել պետական և ինքնավար մարմինների, կազմակերպությունների, վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները, նախարարությանը ենթակա մարմինների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության մարզպետները, համայնքների ղեկավարները:
Պարետի ցուցումները պարտադիր են պարետատան կազմի, պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների, ինչպես նաև արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվող ոստիկանության, ազգային անվտանգության ղեկավարների և ներկայացուցիչների համար։
Սահմանել արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցների և ուժերի գործադրման շրջանակները` համաձայն հավելված N 1-ի:
Սահմանել, որ արտակարգ դրության շրջանակներում կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, հաշվի առնելով համաչափության սկզբունքը, կիրառվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կամ պարետատան կողմից որոշված տարածքների սահմաններում: Արտակարգ դրության շրջանակներում կիրառվող միջոցառումների իրականացման և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու համար պարետի ցուցումով կարող են ներգրավվել արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող` ոստիկանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: