Ծառայությունը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի. խորհրդակցություն փրկարար ծառայությունում

ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին ծառայության ընթացքում Կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների նպատակով իրականացրած աշխատանքների, ՀՀ վարչապետի և արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարականների և դրանից բխող գործողությունների կատարման ընթացքի, ինչպես նաև, իրավիճակով պայմանավորված՝ առաջացած հարցերի վերաբերյալ:
Տնօրենին զեկուցվեց Երևանում և մարզերում գործող Արտակարգ իրավիճակների հանձնաժողովների արտահերթ նիստերի անցկացման մասին, որտեղ քննարկվել են ՀՀ վարչապետի հանձնարարականով «Երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի (COVID-19) պայմանավորված արտակարգ իրավիճակների արձագանքման պլան»-ից բխող ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականով սահմանված «Համաճարակի դեպքում մարզային (Երևան քաղաքի) մակարդակում գործողությունների պլան–ժամանակացույց»-ի ներդրումն ապահովող կազմակերպչական հարցեր։
Ծառայության կազմակերպման վարչության պետ Տիգրան Ավագյանը զեկուցեց, որ երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակով պայմանավորված արտակարգ իրավիճակների արձագանքման պլանի համաձայն՝ 9-րդ կետով, ԱԻՆ ՓԾ կողմից ձևավորվել են մասնագիտացված թիմեր՝ շտապ օգնության ֆելշերային 4 բրիգադ, բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի:
Զեկուցվեց նաև, որ Մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների ու Հայկական ատոմային էլեկտրակայանի հատուկ հրշեջ-փրկարարական ջոկատի ստորաբաժանումներում ստեղծվել են համապատասխանաբար 5 և 10 փրկարարից բաղկացած համահավաք հատուկ վարակազերծման խմբեր, ի լրումն արդեն իսկ գործող թվով 5 մասնագիտացված ճառագայթային, քիմիական և կենսաբանական մոնիթորինգի թիմերի։
Քննարկվեցին կարանտինային և կանխարգելիչ միջոցառումներում ներգրավվող հատուկ տեխնիկայի հատկացման ու վարակազերծման հարցեր։
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանը զեկուցեց, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով դասընթացները բոլոր ուսումնական հաստատություններում դադարեցվել են, և իրենք կրկին էլեկտրոնային եղանակով կշարունակեն ուսուցումը:
Խորհրդակցության ընթացքում հանձնարարվեց 911 ծառայության հերթապահ բժշկական և հոգեբանական աջակցության 24–ժամյա ծառայության անձնակազմի հետ շարունակել իրականացնել կրկնակի հրահանգավորում՝ վարքականոնների իմացության և իրազեկման նպատակով օգտագործել Առողջապահության նախարարության հրահանգները՝ որպեսզի առավել արդյունավետ ու օպերատիվ իրականացվեն բնակչության հետ տարվող աշխատանքները:
Հանձնարարվեց բոլոր հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներում խիստ վերահսկողություն սահմանել անձնակազմի առողջական վիճակի և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման ուղղությամբ՝ արձագանքման խմբերի մարտունակության ապահովման նպատակով:
Վ. Գաբրիելյանը նշեց, որ ԱԻ նախարարի հրամանի համաձայն, չեղարկվում են բոլոր արտերկրյա գործուղումներն ու միջոցառումները, իսկ երկիր ներսում իրականացնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Խորհրդակցության ընթացքում Վ. Գաբրիելյանն անդրադարձավ նաև Փրկարար ծառայության գործունեության հետ առնչվող մի շարք այլ հարցերի: