Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

17 մար 2020 11:16

Գործարկվում է հեռավար կրթության հարթակ` heravar.armedu.am

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը և ելնելով ստեղծված իրավիճակից, հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու  նպատակով գործարկում է հեռավար կրթության հարթակ` heravar.armedu.am:
Կառավարությունից հայտնում են՝ հարթակը մշակվել է ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում և արդեն հասանելի է: Հեռավար կրթության արդյունավետ կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի մոտ հրավիրվել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են նախարարության հանարակրթության ոլորտի  պատասխանատուները, ինչպես նաև հեռավար ուսուցում կազմակերպելու փորձ  և ներուժ ունեցող կրթական հաստատությունների և հարթակների ներկայացուցիչները:

Նախարարի տեղակալը նշել է, որ անհրաժեշտ է պլանավորել ուսումնական գործընթացի կազմակերպման աշխատանքները` առկա այլընտրանքների ու հնարավորությունների համատեղմամբ: Այս տարի նախարարությունը երկու դպրոցում փորձարկել է հեռավար կրթության ներդրման հնարավորությունը, և այժմ գործընթացում կներգրավվեն բոլոր դպրոցները:

«Հեռավար կրթության կազմակերպման համար մենք ունենք բավականին թվով հայալեզու առցանց ռեսուրսներ և գործիքներ:  Կան  հեռավար կրթության կազմակերպման ոլորտում  հաջողված փորձ ունեցող  դպրոցներ,  որոնց մենք խնդրել ենք կիսվել իրենց փորձով, ինչպես նաև համախմբել ոլորտում առկա  ներուժը, որպեսզի  հեռավար կրթությունը կազմակերպվի արդյունավետ և բաց ու  հասանելի լինի բոլորին»,- նշել է Ժ. Անդրեասյանը:

Նախարարի տեղակալի խոսքով` անցած երկու օրերին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում կատարվել է նախապատրաստական աշխատանք, և արդեն իսկ գործարկվել է հեռավար կրթության համալիր էջը, որտեղ նախատեսվում է համակարգված ներկայացնել հանրապետության բոլոր դպրոցների ցանկը` ըստ առարկայական ուսուցիչների և աշակերտների:

Կրթական տեխնոլգիաների ազգային կենտրոնի ստեղծած միասնական հարթակում կներկայացվեն նաև բոլոր այն կազմակերպությունների հեռավար կրթության հարթակները, որոնք պատրաստակամ են համագործակցել նախարարության հետ` տրամադրելով իրենց  ռեսուրսներն ու հմտությունները:
Նշվել է, որ անհրաժեշտ է պահպանել ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 2018 թվականի դեկտեմբերի 17-ի N 1677-Ա/2 հրամանով հաստատված «Երեխաների առցանց անվտանգության ապահովումը. ուղեցույց երեխաների համար» և «Երեխաների առցանց անվտանգության ապահովումը. ուղեցույց ծնողների համար» կանոնները, որոնց կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝  https://lib.armedu.am/resource/27385 ։

Հեռավար կրթության հարթակի կիրառման հետ կապված տեխնիկական աջակցության և այլ հարցերի դեպքում կարելի է դիմել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ձևավորված արագ արձագանքման խմբին հետևյալ հեռախոսահամարներով և էլեկտրոնային հասցեով՝ 010/ 011/ 578455, 010/ 011/ 578453, heravar@ktak.am :

Կառավարության փոխանցմամբ, առաջիկայում բոլոր դպրոցներին կտրամադրվեն ՏՀՏ վերապատրաստում անցած մենթոր-ուսուցիչների տվյալներ: Վերջիններս կիրականացնեն օնլայն վերապատրաստում և կապահովեն  տեխնիկական աջակցություն և ուղղորդում ուսուցիչների համար։
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր