Ըմբռնումով մոտենալ ժամկետային զինծառայողներին արձակուրդ չտրամադրելու որոշմանը. Արտակ Դավթյանի ուղերձը
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանն ուղերձ է հղել պարտադիր ժամկետային զինծառայողների ծնողներին, հարազատներին:
Ուղերձը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Սիրելի´ հայրենակիցներ, նոր տեսակի կորոնովիրուսային վարակն օրեցօր ընդլայնում է իր սահմանները` ներառելով նաեւ Հայաստանի Հանրապետությունը: Կանգնած լինելով կորոնավիրուսային վարակի լրջագույն մարտահրավերի առաջ՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները երկրում հաստատեցին արտակարգ դրություն` համազգային եւ միասնական ջանքերով պայքարելու եւ կանխելու վարակի լայնածավալ տարածումը, զարգացումն ու դրա բացասական հետեւանքները երկրի տնտեսության վրա:
ՀՀ ԶՈՒ ղեկավարության համար զինծառայողը բարձրագույն արժեք է, եւ հնարավոր ամեն ինչ արվում է նրան առողջական խնդիրներից զերծ պահելու համար:
Ստեղծված իրավիճակում ՀՀ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով դիմում եմ ձեզ.
1. Անհարկի չմիջամտել համա¬ճա¬րակի դեմ զինված ուժերի հրամանատարության, առողջապահության նախարարու¬թյան եւ այլ պետական կառույցների հետ համատեղ լայնածավալ ու բազմապիսի աշխատանքներին ու կանխարգելիչ միջոցա¬ռումներին,
2. Գիտակցված եւ ըմբռնումով մոտենալ ժամկետային պարտադիր զինծառայողներին արձակուրդ չտրամադրելու որոշմանը. այս քայլը միտված է վերջիններիս շփումը հնարավոր վա¬րակակիր քաղաքացիների հետ բացառելուն,
3. Խուսափել զինծառայողներին սնունդ, հիգիենայի պարագաներ եւ այլ միջոցներ ուղարկելուց:
4. Հեռախոսային զրույցների ժամանակ վարակի տարածման կամ հարազատների, բարեկամների, ծանոթների` վարակված լինելու մասին տեղեկատվություն չհայտնել` զինծառայողների մոտ տագնապային տրամադրություն չստեղծելու համար:
Ցուցաբերելով առավելագույն զգուշություն եւ զսպվածություն` հնարավորություն կընձեռեք ձեր զավակներին անշեղորեն կատարել իրենց պարտականությունները:
Համոզված ու լիահույս եմ, որ մեր համատեղ եւ փոխըմբռնված աշխատանքի շնորհիվ հաղթահարելու ենք նաեւ այս մարտահրավերը:
Առողջություն եմ մաղթում բոլորիս»: