Լյովա Խաչատրյանը պատրաստ է 1.5 տոննա ծիրանի սպիրտ նվիրել համաճարակի կանխարգելման համար
ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր,
որ ունի 1.5 տոննա ծիրանի օղու սպիրտ և պատրաստ է անվճար տրամադրել հակահամաճարակային միջոցառումների համար։
Հայտարարությանը հետևել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր
Նարեկ Մկրտչյանի արձագանքը: Պատգամավորը հայտարարել էր, որ պայմանավորվածություն է
ձեռք բերել Աժ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ, 300 լիտր սպիրտ տրամադրել էջմիածինցիներին։
Hayacq.com-ը կապ հաստատեց Լյովա Խաչատրյանի հետ, պարզելու,
թե ի՞նչ փուլում է գտնվում գործընթացը:
Լյովա Խաչատրյանը Hayacq.com-ի հետ զրույցում նշեց, որ արդեն բազմաթիվ
դիմողներ կան.« Նարեկ Մկրտչյանը արձագանքել էր և արդեն 300լիտրը եկել տեղափոխել են
Էջմիածին: Ինձ տեղեկացրեցին, որ շշալցնում են, որպեսզի բաժանեն ազգաբնակչությանը: Արձագանքել
են նաև Աշտարակի և Ապարանի հիվանդանոցները, ինչպես նաև դիմել են ԵԿՄ Արագածոտնի մարզային
կառույցից: Երևանից էլ են դիմում, նույնիսկ կրոնական կազմակերպություններից մեկը ասաց,
որ իրենց հավատացյալների համար են ուզում: Իհարկե դեռ շարունակվում են զանգերը: Փորձում
ենք այն հնարավորինս համաչափ բաշխել, որ որքան հնարավոր է շրջանակը լայն լինի»:
Լյովա Խաչատրյանը նաև նշեց, որ պետք է կանգնել պետության
կողքին, քանի որ սա բոլորի խնդիրն է և բոլորով պետք է պայքարել այս չարիքի դեմ.«Շատ տհաճ է, երբ լսում ես,
որ սպիրտի գները 7-8 անգամ թանկացրել են,
հատկապես այս համաճարակի դեպքում դա անթույլատրելի է։ Մենք բոլորով պետք է պայքարենք
այս համաճարակի դեմ, նեցուկ լինենք պետությանը: Ամենակարևորը, բոլորս պետք է երկաթյա
կարգապահությամբ ամեն ինչ անենք, որպեսզի այս համաճարակը մեր երկրում լայն տարածում չունենա»:
Լյովա Խաչատրյանը նաև հորդորեց, որ որքան էլ ծիրանի օղու սպիրտը անուշաբույր և գայթակղիչ լինի,
այն օգտագործել բացառապես խիստ նպատակային՝ համաճարակի կանխարգելման առիթով.«Դեռ չգիտենք,
թե այս վիրուսը որքան ժամանակ կձգվի և ունեցած պաշարներն էլ անսպառ չեն: Հորդորս է օգտագործել բացառապես համաճարակի առիթով, իսկ խմել
մենք դեռ կհասցնենք, երբ արդեն այս ճգնաժամային վիճակը պատվով հաղթահարած լինենք: Իսկ
այս պահին բոլորս միասնական պետք է պայքարենք դրա դեմ»,-եզրափակեց Լյովա Խաչատրյանը: