ԱՄՆ-ում 3 շաբաթվա ընթացքում 16,8 մլն մարդ գործազուրկ է դարձել. աշխարհում կես միլիարդ մարդ աղքատության մեջ կհայտնվի.ABC News
Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված ծանր իրավիճակում Միացյալ Նահանգներում յուրաքանչյուր տասներորդ քաղաքացին անցած երեք շաբաթվա ընթացքում կորցրել է աշխատանքը, հայտնում է ABC News-ը՝ մանրամասնելով, որ միայն անցած շաբաթվա ընթացքում 6.6 մլն ամերիկացի դիմել է գործազրկության նպաստ ստանալու համար: Մինչդեռ անցած երեք շաբաթվա ընթացքում գործազրկության նպաստի համար դիմած քաղաքացիների թիվը կազմել է ռեկորդային ցուցանիշ՝ 16,8 մլն:
Աղբյուրը նկատում է, որ սա Միացյալ Նահնագներում 1948թ. ի վեր բնակչության կողմից աշխատատեղերի կորստի ամենալայնամասշտաբ և արագընթաց գործընթացն է: Օրինակ՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ գործազրկության հիշյալ մակարդակին հասնելու համար ոչ թե երեք, այլ 44 շաբաթ է պահանջվել:
Ենթադրվում է, որ այս ամսվա ընթացքում ԱՄՆ-ում գործազուրկ կդառնա ևս 20 մլն մարդ: Ըստ մասնագետների՝ բացասական ցուցանիշների աճի դինամիկան կպահպանվի: Մայիսի սկզբին երկրում գործազրկության մակարդակը կարող է հասնել արդեն 15%-ի:
Միևնույն ժամանակ նշվում է, որ աշխատանքային շուկաները վնաս են կրում են ամբողջ աշխարհով մեկ: Ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների՝ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում 195 մլն աշխատատեղի կորուստ կարձանագրվի: Այս տարվա ընթացքում ամբողջ աշխարհում գործազրկության մակարդակը կտրուկ կբարձրանա: Կարանտինային պայմանների և մեկուսացման հետևանքով կտուժի համաշխարհային աշխատուժի 81%-ը՝ մոտ 2.7 մլրդ մարդ:
Oxfam-ի կանխատեսմամբ՝ մոտ կես միլիարդ մարդ կորոնավիրուսի առաջացրած տնտեսական հետևանքների պատճառով աղքատության մեջ կհայտնվի: