Սպանություն Արարատի մարզում. մահացածը Արցախի 43-ամյա բնակիչ է

Shamshyan.com-ի հաղորդմամբ Ժամը 23։50-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին Մասիսի բժշկական կետրոնից ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի վերին 3-րդի, ձախ սրունքի վերին 3-րդի թափածակած վերք» ախտորոշմամբ Արտաշատի բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը Արտաշատ քաղաքից Մասիսի բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու, ով շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արտաշատի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Արցախի Հանրապետության բնակիչ, 43-ամյա Արման Ք-ն է, ով անհայտ հանգամանքներում ստացել է հրազենային վնասվածք։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Արարատի մարզի ոստկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ որտեղ է տեղի ունեցել կրակոցը, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում դեպքի որոշ մանրամասներ։