Տեսանյութ.«Գումարի կեսը կառավարությունը կփոխհատուցի»․ վարչապետ
Ինչպես հայտնել էինք, Կառավարության՝ այսօր հրավիրած արտահերթ նիստի օրակարգում է նաև կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնմեկերորդ միջոցառումը հաստատելու մասին նախագիծը։
1. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնմեկերորդ միջոցառման (այսուհետ՝ Միջոցառում) նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց:
2. Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել՝
1) բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը,
2) էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը:
3. Աջակցությունը տրամադրվում է սույն միջոցառման 2-րդ կետով նախատեսված յուրաքանչյուր բաժանորդի կողմից 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված համապատասխանաբար բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50%-ի չափով:
4. Սույն միջոցառման 3-րդ կետի համաձայն որոշված ընդհանուր գումարը փոխանցվում է բնական գազ և էլեկտրական էներգիա մատակարարող ընկերություններին Միջոցառման շահառու համարվող բնակիչ բաժանորդներին հետագա փոխանցման պայմանով։ Ընդ որում՝ պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվում որպես կանխավճար, այս մասին նշված է նախագծում։