«Չենք ճանաչում Արցախի ընտրությունները»․ հայտարարություն
Երեք քաղաքական ուժեր եւ երեք քաղաքական գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշում են, որ չեն ճանաչում Արցախում տեղի ունեցած ընտրությունները:
Հայտարարությունում ասվում է.
««Արցախում համաճարակի պայմաններում՝ վտանգելով քաղաքացիների կյանքն ու առողջությունը և բանակի մարտունակությունը, երկու փուլով անցկացվեցին ընտրություններ:
Մենք չենք ճանաչում այդ ընտրությունները, քանի որ դրանք հակասում են ազգային միասնությանը և համաճարակի դեմ միջազգային ջանքերին:
Միևնույն ժամանակ՝ դրանք տեղի ունեցան համակարգային բնույթի զանգվածային խախտումներով։
Ընտրություն կոչվող այդ միջոցառման շնորհիվ վերարտադրվեց Ստեփանակերտի օտարահպատակ մաֆիական իշխանությունը, որը շարունակելու է կեղեքել ժողովրդին, գիշատչաբար շահագործել բնական ռեսուրսները և թալանել տնտեսությունը։
Ստեփանակերտի մաֆիան Երևանի թողտվությամբ շարունակելու է Արցախը ՀՀ-ից օտարելու և աբխազացնելու պլանը, իսկ երբ պահը գա՝ Կրեմլի հրահանգով վերածվելու է ՀՀ դեմ գործող հենակետի։
Ուստի համաճարակից հետո Ստեփանակերտի մաֆիային տապալելը և Արցախը ՀՀ-ին դե յուրե միացնելու խոչընդոտները վերացնելը դառնում է ազգային հրամայական։
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն
Հայաստանի Եվրոպական կուսակցություն
«Սասնա Ծռեր» համահայկական շարժում
Արա Պապյան
Ալբերտ Բաղդասարյան
Արկադի Վարդանյան»։