Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

16 ապր 2020 15:05

«Եթե մինչև հիմա վարակված չէի, հիմա հաստատ վարակվել եմ»․ Մարալիկի ծննդատան աշխատակիցը երկրորդ թեստ է պահանջում

Երեկ համացանցում հոլովակ տարածվեց, որում Մարալիկի ծննդատան աշխատակիցը պատմում էր, որ իրեն ու իր գործընկերներին կորոնավիրուսի վարակը հաստատող թեստ են արել, և հայտնել են, որ բացասական է պատասխանը: Կնոջ վրդովմունքի պատճառը, սակայն, հիվանդանոցից ստացված  արդեն երկրորդ զանգն էր, որով զանգահարողը տիկին Արեգնազին տեղեկացրել է՝ թեստի պատասխանը դրական է, պատրաստվեք, գալիս ենք ձեզ տեղափոխելու: Տեղափոխեցին նրանց հիվանդանոց, թե ոչ, պարզելու համար ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է Մարալիկի բնակիչ տիկին Արեգնազի հետ: «Թեստը հանձնեցինք, սեցին բացասական է, նորից գիշերով զանգին, թե դրական է: Գիշերվա կեսին ոստիկաններն եկան կռվով տարան ընձի Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոց: Ես ոստիկաններին խնդրեցի՝ թույլ տան ես իմ տան մեջ մեկուսանամ, ես մենակ ապրող կին եմ, չթողեցին, ասին՝ դուռը կջարդենք՝ չբացես»: Տիկին Արեգնազը պնդում է՝ ինքն իրեն միշտ լավ է զգացել, հիմա էլ ոչ մի գանգատ չունի, իրեն անիմաստ են տարել հիվանդանոց: «Տաքություն չունեմ, հազ չունեմ, գրիպ էլ չեմ, ուղղակի արդեն սիրտս է վատ, հանգստացնող եմ խմել: Եթե առաջին թեստը ասեին դրական է, ես իմ հոժար կամքով կգնայի, կպառկեի, ինչխոր սաղ կենեն, բայց ընձի խաբին, բերին ստեղ: Ես երկրորդ թեստ եմ պահանջել, չեն էրել, ոչ էլ առաջինը ցույց տվին, օր համոզվեի: Հմի ես ուզած-չուզած մեր վարակված սանիտարկի հետ մի պալատում պառկած եմ, եթե մինչև հմի վարակված չէի, հմի հաստատ վարակվա արդեն»: Տիկին Արեգնազի տեղեկացմամբ՝ Մարալիկի ծննդատան բուժաշխատողների մեծ մասին թեստավորել ու տեղափոխել են Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոց: «Այսօր էլ մյուսներին են թեստավորելու, եթե մենք իրոք վարակված ենք, նրանք էլ վարակված կլինեն»: Մեր հարցին՝ արդյոք աշխատանքի ընթացքում ծննդատանն իրենց տրամադրել են պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ կամ իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ, աշխատակիցը պատասխանեց. «Ոչ պաշտպանիչ դիմակ, ոչ ձեռնոց, ոչ էլ ինչ-որ միջոցառում չի իրականացվել, մենք ամեն մեկս մեր համար առել դրել ենք, կամ էլ ինքնուրույն մաքրման ինչ-որ աշխատանքներ ենք  իրականացրել են կանխարգելիչ որևէ աշխատանք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր