Թրամփն ունի ապացույց , որը թույլ է տալիս մեծ վստահությամբ խոսել կորոնավիրուսի արհեստական ծագման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղեկություն ունի, որը թույլ է տալիս ասել, որ կորոնավիրուսի առաջացման աղբյուրը չինական Ուհան քաղաքի լաբորատորիան է: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Այո, կա»,-ասել է Թրամփն ի պատասխան այն հարցի, թե արդյոք այսօրվա դրությամբ նա ունի այնպիսի տեղեկություն, որը թույլ է տալիս մեծ վստահությամբ խոսել կորոնավիրուսի արհեստական ծագման մասին:
Միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել` ելնելով գաղտնիություն պահպանելու անհրաժեշտությունից:
Թրամփի այս խոսքերը հակասում են ԱՄՆ ազգային հետախուզության հայտարարությանը, որի գրասենյակն ապրիլի 30-ին տեղեկացրել էր, որ համաձայն է «գիտնականների լայն կոնսենսուսի» հետ, որոնք կարծում են, որ կորոնավիրուսն արհեստական ծագում չունի և գենետիկորեն մոդիֆիկացված չէ:
Ավելի վաղ Թրամփն ու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեկ անգամ չէ, որ մեղադրել են Չինաստանին վիրուսի ծագման տվյալների վերաբերյալ ոչ բավարար թափանցիկություն դրսևորելու համար: ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարը Պեկինին բազմիցս կոչ է արել պատասխանել այն հարցին՝ արդյոք վիրուսը չէր կարող «դուրս պրծնել» Ուհանի վարակաբանական ինստիտուտից, որտեղ վտանգավոր վարակային հիվանդությունների ուսումնասիրություններ են արվում:
Անձամբ ԱՄՆ նախագահը նույնպես պնդել է, որ ամերիկյան կողմն ուսումնասիրում է վիրուսի` Ուհանի լաբորատորիայում առաջանալու վարկածը և մտադիր է պարզել դրա ծագումը: Թրամփը Պեկինին սպառնացել է հետևանքներով, եթե պարզվի, որ Չինաստանը գիտակցաբար է թույլ տվել կորոնավիրուսի տարածումը: