Երեխաների շրջանում կանխարգելվող հիվանդություններից մահերի թիվը կարող է ավելանալ 6000-ով․ ՅՈՒՆԻՍԵՖ

Հետազոտության մեջ ներառված 118 երկրներում մինչև հինգ տարեկան երեխաների մահացության այս հավանական դեպքերը կարող են տեղի ունենալ ի լրումն այն 2,5 միլիոն դեպքերի, որ գրանցվում են յուրաքանչյուր վեց ամիսը մեկ՝ սպառնալով հակառակ տենդենց ցուցաբերել մինչև 5 տարեկան երեխաների մահացության դեպքերը կանխարգելվող հիվանդություններից նվազեցնելու՝ գրեթե մեկ տասնամյակի ընթացքում ձեռք բերված առաջընթացը։ Ընդհանուր առմամբ՝ վեց ամսվա կտրվածքով կարող է գրանցվել նաև 56,700 մայրական մահվան դեպք՝ ի լրումն այն 144,000 մահվան դեպքերի, որ արդեն տեղի են ունենում տվյալ երկրներում։
Բացի այդ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորապես անհանգստացած է երեխաների վրա համաճարակի այլ, ոչ ուղղակի հետևանքների կապակցությամբ.
— Մայիսի առաջին կեսի դրությամբ աշխարհում մինչև 18 տարեկան երեխաների 77 տոկոսը, այն է՝ 1,80 միլիարդ 2,35 միլիարդից, ապրում էր տանը մնալուն ուղղված գործողությունների ծրագիր իրականացրած 132 երկրներից որևէ մեկում։
— Գրեթե 1,3 միլիարդ սովորող, այն է՝ աշակերտների ավելի քան 72 տոկոսը դպրոց չի հաճախում 177 երկրներում դպրոցների փակման պատճառով:
— Աշխարհի բնակչության 40 տոկոսը հնարավորություն չունի տանը ձեռքերը լվանալ օճառով և ջրով:
— Աշխարհի 143 երկրներում բնակվող գրեթե 370 միլիոն երեխա, որոնք սովորաբար ապավինում են դպրոցական սնունդին՝ որպես սնուցման ամենօրյա հուսալի աղբյուր, այժմ պետք է սնվելու այլ տարբերակներ հայթայթի, քանի որ դպրոցները չեն գործում:
— Ապրիլի 14-ի դրությամբ, 37 երկրներում ավելի քան 117 միլիոն երեխա կարող է չստանալ կարմրուկի դեմ պլանային պատվաստումը, քանի որ համավարակի տարածումը կանխարգելելու պատճառով չեն իրականացվում իմունականխարգելման միջոցառումներ։
Այս շաբաթ ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսում է #Reimagine արշավը՝ կանխելու համաճարակի` երեխաների համար տևական ճգնաժամի վերածումը, հատկապես առավել խոցելի երեխաների շրջանում, նրանց, ովքեր ապրում են աղքատության մեջ, մեկուսացված են (հասարակությունից) կամ ենթարկվել են ընտանեկան բռնության։
Արշավի շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖ-ը կառավարություններին, հանրությանը, դոնորներին և մասնավոր հատվածին կոչ է անում միանալ ՅՈՒՆԻՍԵՖ-ին, այդ թվում Հայաստանում՝ քայլեր ձեռնարկելու, վերականգնելու և վերաիմաստավորելու այն աշխարհը, որ այս օրերին «պաշարվել» է կորոնավիրուսի կողմից։
— Քայլեր ձեռնարկել: Մենք հիմա պետք է գործենք, որպեսզի կանխարգելենք վարակի տարածումը, օգնենք հիվանդներին և պաշտպանենք առաջնագծում գտնվողներին, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, փրկում են ուրիշներին:
— Վերականգնել: Նույնիսկ երբ համավարակը նահանջի, յուրաքանչյուր պետություն պետք է շարունակի աշխատել՝ երեխաների վրա համավարակի ոչ ուղղակի ազդեցությունը մեղմելու և նրանց հասցված վնասը չեզոքացնելու համար։ Համայնքները պետք է միասին աշխատեն թե՛ սահմանների ներսում, թե՛ սահմաններից դուրս, որպեսզի վերականգնվեն և կանխարգելեն հիվանդության վերադարձը։
— Վերաիմաստավորել: Եթե գեթ մի դաս ենք քաղել ՔՈՎԻԴ-19-ից, ապա դա այն է, որ մեր համակարգերը և քաղաքականությունը պետք է միշտ պաշտպանեն մարդկանց՝ ոչ միայն ճգնաժամի պարագայում: Մինչ աշխարհը վերականգնվում է համավարակի պատճառած վնասներից, հիմա է ժամանակը հիմքեր դնել ավելի լավը կառուցելու համար:
Արշավին արդեն իսկ միացել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլոբալ գործընկերներից երկուսը` Պանդորան (Pandora) և ԱյԷնՋի բանկը (ING)՝ խոստանալով զգալի նվիրատվություն և իրենց սպառողների և հաճախորդների շրջանում արշավին մասնակցելու հրավերի տարածում:
Հայաստանի երեխաներին աջակցելու նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրավիրում է գործընկերներին, քաղաքացիներին, մասնավոր հատվածի ընկերություններին և ԶԼՄ-ներին ևս մասնակցել արշավին և հանգանակել, որպեսզի ձեռք բերվեն ՝
— ախտորոշիչ թեսթեր,
— բժշկական և հիգիենայի պարագաներ առաջնագծում աշխատող բուժանձնակազմի համար,
— հիգիենայի պարագաներ դպրոցների և նախակրթարանների համար։
Կարող եք հանգանակել՝
— մեր կայքէջի միջոցով
— ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաշվեհամարին բանկային փոխանցման միջոցով՝ 21700 001-051986-050 (ՀՀ դրամ) կամ 21700 001-051986-150 (ԱՄՆ դոլար)
«Թեև դժվար ժամանակներ ենք ապրում, հիմա, առավել քան երբևէ, մենք ձեր աջակցությանն ենք ապավինում խոցելի երեխաներին ուղղված մեր առաքելությունը կյանքի կոչելու համար»,- Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայ:
#ՄիասինԸնդդեմԿորոնավիրուսի
ՅՈՒՆԻՍԵՖ