Տեսանյութ.Կորոնավիրուսի ամբողջ նենգ բանաձեւը.Լավագույն լուծումն այն է, որ մաքսիմալ շատ մարդիկ ասիմպտոմ հիվանդանան
![](https://panorama.am/news_images/769/2304959_1/vk.thumb.jpg)
«Գիտեք, որ մեր ընտանիքը կորոնավիրուսով վարակվել է: Մենք ասում ենք, որ երբ մենք արդեն հաղթահարենք կորոնավիրուսը, առողջանանք, մեր կյանքը ամբողջությամբ կփոխվի, որովհետեւ մենք մտավախություն չենք ունենա շփվել մեր ընկերների, հարազատների հետ: Այսինքն իմունիտետ ձեռք բերած կլինենք, հանգիստ կկարողանանք շփվել բոլորի հետ, Արփիին մանկապարտեզ ուղարկել, բայց այստեղ կա երկու պրոբլեմ:
Նախ, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ կոնկրետ մեր ընտանիքը բարեհաջող կավարտի, որովհետեւ անկանխատեսելի հիվանդություն է: Երկրորդ, իմ հարազատներից քանի մարդ կվարակվի ինձնից եւ ես իմ հարազատներից քանիսին կկորցնեմ այս ընթացքում: Սա է կորոնավիրուսի ամբողջ նենգ բանաձեւը: Որովհետեւ եթե ես վարակվել, լավացել եմ, դա հոյակապ է, որովհետեւ առնվազն մեկ տարով իմունիտետ եմ ձեռք բերել: Բայց եթե ես վարակվել եմ, նախ երաշխիք չկա, որ չեմ մահանա, եւ երաշխիք չկա, որ իմ հարազատներից մեկը չի մահանա: Սա է իրավիճակի ողջ բարդությունը»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ միակ պրոբլեմն այն է, որ կորոնավիրուսով հիվանդացած բոլոր քաղաքացիներին կարողանան պատշաճ բուժօգնություն ցույց տալ, այսինքն այնքան մարդ հիվանդանա, որքան տեղ կա մեր հիվանդանոցներում. «Այսինքն եթե նախկինում այդ մարդիկ պետք է բուժօգնության դիմեին մեկ տարվա ընթացքում, հիմա բուժօգնության են դիմում մեկ ամսվա ընթացքում: Հիմա եթե կորոնավիրուսով հիվանդները չտեղավորվեն հիվանդանոցներում, մեր մահացության թվերը աճելու են: Մարդիկ մահանալու են պատշաճ բուժօգնություն չստանալու պատճառով: Մի ձեւ կա այս խնդիրը լուծելու, պետք է մենք ուրիշներին վարակելու հանավանակությունը մաքսիմալ քչացնենք:
Այսօր երկրում 20-25, նույնիսկ հնարավոր է 30 հազար ասիմպտոմ դեպքեր կան: Գուցե դուք վարակված եք, բայց չգիտեք: Դա նշանակում է, որ դուք կլավանաք, բայց մեր բոլորի խնդիրն է քչացնել ուրիշներին վարակելու հավանականությունը:
Վիճակագրությունը ցույց է տալիս, պատշաճ բուժօգնության պարագայում ծանր եւ ծայրահեղ վիճակի հասնում են հիվանդների 5 տոկոսը, իսկ մահանում են 1-1,2 տոկոս: Եթե 10 հազարի 5 տոկոսը 500 հոգի է, իսկ 1,2 տոկոսը 120 հոգի է, ապա 100 հազարի 5 տոկոսն արդեն 5 հազար հոգի է: Մեր առողջապահական համակարգի 5 հազար հոգու ծանր վիճակում չի կարող սպասարկել»: