Ցնցումների մեջ մի ընկեք. Հեղափոխության օրերին ձեր բերած ջրերից խմեք ու անհանգիստ նստեք տեղներդ
Հարգելի դոցենտներ, լորդեր եւ լորդուհիներ, շեյխեր եւ շեյխուհիներ, մարտի մեկից առաջ նախագահական ընտրություններին ստացած 300.000 քվեն փաթեթով ՀՀԿ-ին նվիրողներ, մշտապես կոալիցված ժամավճարով ՀՀԿ-ի ընդդիմություն, ավելի ճիշտ՝ այլընտրանք աշխատողներ, ՀՀ քրեական օրենսգիրքը դառնալու է եւ, հավանաբար, արդեն դարձել է ձեր սեղանի գիրքը՝ Աստվածաշունչը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
Նա նաեւ հավելել է. «Ցնցումների մեջ մի ընկեք։ Հեղափոխության օրերին ձեր բերած ջրերից խմեք ու անհանգիստ նստեք տեղներդ»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղխորհրդի արտահերթ նիստ էր անցկացրել, որի ժամանակ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը քննադատել էր իշխանություններին:
«Ես դեռ մեկ տարի առաջ ասել եմ, որ նման կազմով հնարավոր չէ ժողովրդին տված խոստումներն իրականացնել։ Այն ժամանակ ասել եմ, որ պետք է 97 տոկոսին փոխել, բայց հիմա ասում եմ` պետք է բոլորին փոխել։ Ժողովուրդը փորձադաշտ չէ»,- ասել էր Ծառուկյանը։