Արման Թաթոյանը՝ Ծառուկյանի մասնակցությամբ խմբակային բռնաբարության գործի մասին

«Առհասարակ կարող եմ ասել, որ կարևոր է ցանկացած մարդու արժանապատվությունը, անձնական կյանքը և նման արժեքները։ Քաղաքականության մեջ իր սկզբունքներն ունի, քաղաքականությունից դուրս՝ իր սկզբունքները, բայց կոնկրետ այդ դեպքին իմ կողմից գնահատական տալը ճիշտ չէ»,-ասաց Արման Թաթոյանը։
Հիշեցնենք, որ երեկ լրատվամիջոցներից մեկում հայտնվել էր Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տարիներ առաջ տեղի ունեցած խմբակային բռնաբարության քրեական գործի դատավճիռը։ Նշենք, որ նախքան այդ՝ հունիսի 5-ին, խմբակային բռնաբարության մասին հիշել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը. «Խմբակային բռնաբարության համար դատապարտված ընտրակեղծարարը Հյուսիս-հարավից ինչքա՞ն լափած կլինի: Այո կամ ոչ» ,-գրել էր պատգամավորը։ Հատկանշական է, որ պատգամավորի գրառմանն էլ նախորդել էր ԲՀԿ քաղխորհրդի նիստը, որի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր՝ կառավարությունը 100 տոկոսով պետք է փոխվի։