Տեսանյութ.Մեզ չի հաջողվում թվերն իջեցնել, ստիպված ենք ավելի կոշտ վարչական մեթոդներ կիրառել․ Նիկոլ Փաշինյան

«Մենք գիտենք դրա պատճառը, հակահամաճարակային կանոնները համատարած կերպով չեն պահպանվում եւ մենք ստիպված ենք ավելի ու ավելի կոշտ վարչական մեթոդներ կիրառել: Գիտեք, որ պարետատունը որոշում է կայացրել, որ քաղաքացիները պետք է իրենց մոտ ունենան անձը հաստատող փաստաթուղթ»,-ասաց Փաշինյանը եւ բացատրեց, թե որն է այդ որոշման հիմնավորումը:
«Եթե օրինակ դիմակ չկրելու համար տուգանվող քաղաքացին չունի փաստաթւղթ իր մոտ, նրան վարչական պատասխանատվության ենթարկելու պրոցեսն ավելի երկար է տեւում, դրա համար նրան պետք է տանել բաժին, վարչական արձանագրություն կազմել, իսկ հիմա այս որոշումը կայացվել է, որ վարչական այդ լծակն ավելի արդյունավետ գործի: Ընդ որում, մեր օրենսդրության տրամաբանությամբ, եթե քաղաքացին դիմակ չի կրում, ոստիկանը պարզում է, որ նա չունի նաեւ փաստաթուղթ, դա համարվելու է երկու առանձին վարույթ, երկու տուգանք:
Այս պահին մենք ունենք համոզվածություն, որ մարդկանց մեծ հոսք սպասարկող բոլոր պետական մարմինները հերթերի կարգավորման նոր կանոնները ներդրել են պատշաճ ձեւով: Մենք պետք է արձանագրենք, որ պետական այն մարմինները, որոնք քաղաքացիների ընդունելություն են իրականացնում, նրանք պարտադիր պետք է հերթերը կարգավորեն, ընդ որում նաեւ տարածքից դուրս, եթե հերթ է գոյանում: Պետք է վերահսկել, թե որքանով է դա կատարվում: Շատ կարեւոր է, որ բանկերի դրսի հատվածում էլ կարգավորվեն հերթերը: Մենք ստանում ենք լուսանկարներ, որ մարդիկ շարունակում են հին ձեւերով հերթ կանգնել»,-ասաց վարչապետը:
Նա ընդգծեց որ բացի դրանից իրենց վերլուծությունները ցույց են տալիս, որ վարակի տարածման հիմնական աղբյուր են հանդիսանում բակերը եւ մոտ հասցեները: «Այստեղ մենք նույնպես պետք է մեծացնենք վարչական ազդեցության միջոցները: Ձեւավորվել են համապատասխան կարգախմբեր ոստիկանության եւ այլ մարմինների, որոնք ավելի ու ավելի մեծ մասշտաբով կիրականացնեն այդ գործառույթը»: