Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

20 հուն 2020 14:25

Ռուսական իշխանության կողմից կա լարվածություն, անվստահություն Հայաստանի որոշ պաշտոնյաների նկատմամբ

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարը ամբողջովին տապալված է, և կարծում եմ, որ հիմնական պատճառը դա է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Մոսկվա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձին, որով ափսոսանք է հայտնել, որ չի կարողանալու մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։


Քաղաքագետը նկատեց, որ թեև Հայաստանի վարչապետը առողջացել է կորոնավիրուսից, սակայն նրա պաշտոնական պատվիրակության անդամները կարող են ռիսկային լինել: «Ոչ միայն Հայաստանի վարչապետն է չեղարկել մոսկովյան իր այցը, այլ նաև այլ պետությունների ղեկավարներ: Մասնավորապես, Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ և ասել, որ չի կարողանալու մեկնել Մոսկվա, նաև այլ երկրների ղեկավարներ են ասել, որ չեն մեկնելու, թեև այս պահին դեռևս 11 պետության ղեկավար հաստատել է իր մասնակցությունը տոնական միջոցառումներին»,-ասաց նա:


Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա Սուրեն Սարգսյանը նշեց, որ առկա խնդիրների մասին բարձրաձայնում են, ոչ թե միայն փորձագետները, այլ հենց կողմերը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի, Հայաստանի արտաքին գործերի նախարարի մակարդակով: «Այդ խնդիրները կան, սակայն ի տարբերություն այլ դեպքերի, հիմա հայ-ռուսական հարաբերություններում խնդիրները հանրային դաշտում են հայտնվում, իսկ առաջ դրանք աշխատանքային կարգով կարգավորվում էին, դրա համար քաղաքացիների համար հիմնականում անտեսանելի էր: Ամբողջությամբ իրավիճակը հետևյալն է. կա որոշակի լարվածություն, կա որոշակի անվստահություն ռուսական իշխանության կողմից Հայաստանի որոշ պաշտոնյաների նկատմամբ»,-ասաց նա:


Քաղաքագետը հիշեցրեց, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարություններն արցախյան հարցի վերաբերյալ, ըստ որի` կան բանակցություններ, և կա սեղանին դրած փաթեթ, հերքեց Հայաստանում հնչող հայտարարությունները: «Սա ամենակարևոր հակասությունների ապացույցն է»,-ասաց նա:


Սուրեն Սարգսյանը, չնայած այդ ամենին, նշեց, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները այդքան էլ փոխկապակցված չեն իշխանությունների միջև փոխհարաբերություններով, այն առումով, որ Ռուսաստանը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող պետություն է և, բնականաբար, հակառակը: «Հայաստանի իշխանության ղեկին ով էլ լինի, Ռուսաստանի իշխանությունները սկզբունքները պահպանելու են և հարաբերությունները զարգացնելու են, այնպես, ինչպիսին նախատեսված է, որ լինի 97 թվականի համաձայնագրում: Իշխանությունների մեջ որոշակի բարդություններ, սրումներ, լարումներ, հայտարարություններ կլինեն, ռուսական մամուլի, փորձագիտական շրջանակների կողմից որոշակի հարձակումներ կլինեն, բայց մեծ հաշվով չեմ կարծում, որ ռուսական հարաբերություններում ինչ-որ լուրջ սպառնալիք կա հայ-ռուսական հարաբերություններին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր