ՊՆ-ն հերքել է ադրբեջանական լուրերը. Պարզվել է, որ «զոհված» հայ զինծառայողը առողջ է և բանակում ընդհանրապես չի ծառայել

Ավելի վաղ ադրբեջանցի հաքերները հրապարակել էին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչ Սլավիկ Սերգեյի Կայծակովի անձնագրային տվյալները՝ նշելով նաև նրա բնակության վայրը։ Այնուհետև ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, որ նա զոհվել է Տավուշի ուղղությամբ ընթացող մարտերում։
Այս առնչությամբ ՊՆ-ից մեկնաբանություն խնդրեցինք և ի պատասխան ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ տվյալներն իսկապես պատկանում են երիտասարդին, սակայն նա տարկետում է ստացել, և, համապատասխանաբար, բանակում չի ծառայել և չի ծառայում:
«Ըստ էության, տիրապետելով հայ քաղաքացու տվյալներին, ադրբեջանական կողմը փորձել է օգտվել այդ առիթից և ասել, որ նա «զոհվել» է։ Սա, իհարկե, չի համապատասխանում իրականությանը»,-նշեց Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:
Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր: Դրանից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն պարբերաբար կրակահերթ է իրականացնում ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ գյուղերի ուղղությամբ։
Երեկ՝ հուլիսի 14-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հակառակորդի արձակած կրակոցից զոհվել են Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն հայտնեց ևս երկու ժամկետային զինծառայողների՝ կրտսեր սերժանտներ Սմբատ Գևորգի Գաբրիելյանի և Գրիշա Վահանի Մաթևոսյանի զոհվելու մասին: