ՀՀ ՊՆ–ն զգուշացնում է` ադրբեջանական դիակների թիվը կարող է խիստ ավելանալ.անօդաչու թռչող սարքեր է կիրառում բնակավայրերի ուղղությամբ
ՀՀ ՊՆ-ն զգուշացնում է, որ ադրբեջանական զինված ուժերի առավոտյան դիակների թիվը կարող է խիստ ավելանալ։ Այս մասին Facebook–ում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Ադրբեջանը, նորից խախտելով մարտական գործողությունների և կրակի դադարեցման պայմանավորվածությունը, կիրառում է հարվածային ԱԹՍ-ներ։ Ադրբեջանը հարվածային ԱԹՍ–ներ է կիրառում նաև բնակավայրերի ուղղությամբ»,– գրել է Ստեփանյանը։
Նշենք, որ քիչ առաջ էլ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր` հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Հուլիսի 15-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։
Հուլիսի 16–ի առավոտյան ՊՆ–ն հայտնեց, որ գիշերը՝ ժամը 03:40-ի սահմանում, ՀՀ ԶՈւ դիրքապահները հակառակորդի շարժ են նկատել։ Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։ Նա ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։