Ոստիկանի գործողությունները կվիճարկվեն դատարանում. Դիմորդների ծնողները ապօրինի ձերբակալվել են

«Մասիս Բաբալյանը ձերբակալվել էր մայթեզրից, փողոց չէր փակել, իսկ ոստիկանությունը պահանջ էր դրել բացառապես բացել ճանապարհի երթևեկելի գոտին և այս առումով վարչական ձերբակալումն ակնհայտ ապօրինի էր։ Իսկ Հովհաննես Հարությունյանն ընդամենը ցանկացել էր միջամտել անչափահաս երեխաներին, մասնավորապես, աղջիկ երեխաներին բերման ենթարկելու գործողությանը և դրա համար է ձերբակալվել»,- ասաց Կոչուբաևը՝ նշելով, որ կամ ոստիկանությունը կդիմի վարչական դատարան և կփորձեն դրանց շրջանակներում պաշտպանվել, կամ իրենք կդիմեն վարչական դատարան, որ վարչական ձերբակալմանն ուղղված ոստիկանության գործողությունները ճանաչվեն որպես ոչ իրավաչափ։
Ինչ վերաբերում է բուհեր չընդունված դիմորդների իրավունքների վերականգնման խնդրի հանգուցալուծմանը, Կոչուբաևն ասաց, որ ամենայն հավանականությամբ կդիմեն վարչական դատարան՝ վիճարկելու կառավարության ընդունած որոշումը, քանի որ այն առերևույթ հակասում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող առնվազն երկու օրենքների։
Նրա խոսքով՝ եթե հանգեն եզրակացության, որ դա ոչ այդքան արդյունավետ միջոց է իրավունքների պաշտպանության համար, կդիմեն ՍԴ։
Նա տեղեկացրեց, որ այսօր և վաղը տեղի կունենան լիազորագրերի հավաքագրման գործընթացը, իսկ չորեքշաբթի օրը կդիմեն կամ Վարչական դատարան, կամ ՍԴ և ՄԻԵԴ։
Անդրադառնալով ժամկետներին՝ Կոչուբաևն ասաց, որ կա իրավական գործընթաց՝ ժամանակավորապես ստատուս քվոն պահպանելու տեսքով և երեք տարբերակներից որևէ մեկն ընտրելու դեպքում էլ պահանջ կդրվի, որ պահպանվի ստատուս-քվոն։ Բացի այդ՝ նա նաև հայտնեց, որ կառավարության ոլորտը կարգավորող հին կանոնակարգը դեռևս ուժը կորցրած չի ճանաչվել։
«Այն, որ կարգը հակասում է օրենքին, կասկածից վեր է և սա վիճարկման է ենթակա Վարչական դատարանում, սակայն խնդիրներ կան նաև Սահմանադրականության հետ։ Եթե հանգենք վերջնական եզրակացության, որ մեզ համար թիրախային է հակասահմանադրականության հարցը, կդիմենք ՍԴ»,- ասաց Կոչուբաևը։