Բաքվի համար անհասկանալի է, թե ինչի հիման վրա է Ռուսաստանը շարունակում ինտենսիվ կերպով զինել Հայաստանին

Ադրբեջանի նախագահի վարչակազմի ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևն ասել է, որ ադրբեջանական կողմին չի բավարարել այն պարզաբանումը, ըստ որի` ինքնաթիռներով շինանյութ է տեղափոխվել Հայաստանում գտնվող ռուսական ռազմակայան։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Հաջիևն ասել է, որ բեռները կարելի է այդ տարբերակներով մատակարարել, դրանից ելնելով՝ անհասկանալի է՝ ինչի հիման վրա է Ռուսաստանը շարունակում ինտենսիվ կերպով զինել Հայաստանին։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բաքվում ասել էր, որ ռուսական 102-րդ ռազմակայանում սոցիալական օբյեկտների շինարարություն է ընթանում, բեռնափոխադրումների աննշան ակտիվությունը դրա հետ է կապված։ Շոյգուն նշել էր, որ նաև զորակոչ է իրականացվում, ինչը նույնպես փոխադրումների ծավալի աճի է հանգեցրել։
Ավելի վաղ Բաքվում հայտնել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահը քննարկել է Ռուսաստանից Հայաստան ռազմական բեռների տեղափոխման հարցը: Ըստ այդ հաղորդագրությունների` Ալիևն ասել է, որ հուլիսյան իրադարձություններից հետո Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի օդային տարածքով Ռուսաստանից Հայաստան տեղափոխված ռազմական բեռների ծավալը գերազանցել է 400 տոննան: