Արցախ չգնալ, խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց. կոչ ԱՄՆ քաղաքացիներին
Հայաստանում և Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանությունները կոչ են անում ԱՄՆ քաղաքացիներին խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց։
Երևանում ԱՄՆ դեսպանության կայքում հրապարակված զգուշացման մեջ կոչ է արվում զգոն լինել և ցուցաբերել զգուշություն` կապված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի և վերջերս տեղի ունեցած բռնությունների հետ:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է խուսափել շփման գիծ և սահմանի մոտակայք այցելություններից, ինչպես նաև Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներով մինչև Վրաստանի սահման ճանապարհորդելուց։
Դեսպանությունը կոչ է անում նաև չայցելել Լեռնային Ղարաբաղ։
Երևանում ԱՄՆ դեսպանությունն իր երկրի քաղաքացիներին հետևյալ ցուցումներն է տալիս`
Հետևեք տեղական լրատվամիջոցների թարմացումներին
Խուսափեք մարդկանց բազմությունից
Խուսափեք ցույցերից
Տեղեկացրեք ձեր անվտանգության մասին ընկերներին և ընտանիքին
Տեղեկացված եղեք ձեր շրջակայքի մասին:
Իսկ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է խուսափել Թովուզի և Ղազախի շրջաններ այցելելուց: