Մենք թույլ չենք տա, որպեսզի ահաբեկիչները մնան մեր սահմանների մոտ,հիմնախնդրի լուծման այլ ուղիներ էլ կան
![](https://www.shantnews.am/wp-content/uploads/2019/04/1560946-935509502.jpg)
Ելույթ ունենալով նախարարների կաբինետի նիստին` նախագահն ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ բանակցությունների ընթացքում նա կարեւորել է Իրանի անվտանգության պաշտպանությունը: «Ոչինչ չի կարող լուծվել հակամարտությամբ եւ արյունահեղությամբ»,- ասել է Ռոհանին: Նա նախազգուշացրել է նրանց, ով «բորբոքում է պատերազմի կրակը», որ այս պատերազմը ոչ ոքի օգուտ չի բերի:
Նրա խոսքով` Իրանը չի կարող համակերպվել պատերազմող կողմերից իր հողի գնդակոծմանը: Նա հայտնել է, որ Թեհրանը խնդրել է երկու հարեւան երկրներին պատշաճ ուշադրություն դարձնել այս խնդրին:
«Իրանն անընդունելի է համարում որոշ երկրների կողմից ահաբեկչական տարրերի տեղափոխումը Սիրիայից եւ այլ վայրերից այս տարածաշրջան: Մենք թույլ չենք տա, որպեսզի ահաբեկիչները մնան մեր սահմանների մոտ»,- ասել է նա` հավելելով, որ Իրանն այդ հաղորդագրությունը փոխանցել է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի պաշտոնյաներին: «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման այլ ուղիներ էլ կան, մենք պատրաստ ենք օգնել այս հարցում»,- հավելել է Ռոհանին:
«Մենք պետք է շատ զգույշ լինենք: Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի այս պատերազմը տարածաշրջանային պատերազմի վերածվի: Այս պատերազմը ոչ ոքի օգուտ չի բերի»,- Ռոհանիի խոսքերը մեջբերում է Mehr-ը:
«Բոլորը պետք է ընդունեն իրականությունը, եւ բոլորը պետք է ճանաչեն ազգերի իրավունքները: Բոլորը պետք է հարգեն տարածքային ամբողջականությունը եւ իմանան, որ պատերազմը խնդրի լուծում չէ: Այս խնդրի միակ լուծումը քաղաքական ուղին է, եւ, իհարկե, յուրաքանչյուր երկիր պետք է հարգի իր հարեւանների իրավունքները»,- շեշտել է Ռոհանին:
Ընդգծելով, որ «Իրանի համար օկուպացիան եւ պատերազմը բոլորովին անընդունելի են»` նա նշել է, որ «խաղաղությունն Իրանի Իսլամական Հանրապետության հիմքն է եւ շատ կարեւոր է մեզ համար»: