Փաշինյանը , կարծես թե, համակարծիք է եղել.Գագիկ Ծառուկյանի գործով նոր զարգացումներ են սպասվում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբերի 19-ին տեղի է ունենալու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը: Ծառուկյանի փաստաբանները պատրաստվում են դատարանին միջնորդություն ներկայացնել՝ գրավի դիմաց նրան ազատելու համար: Պաշտպանական թիմը վստահ է, որ Արցախում ընթացող պատերազմական դրությունը «կստիպի» դատական իշխանություններին Ծառուկյանին ազատել կալանքից:
Ըստ մեր տեղեկությունների՝ անգամ ԱԺ խորհրդի անդամների և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ է արծարծվել այն հարցը, որ այժմ կալանքի տակ են գտնվում այնպիսի անձինք, որոնք կարող են ՀՀ-ին և Արցախին օգնել, բայց անազատության մեջ են, վարչապետը, կարծես թե, համակարծիք է եղել, բայց որևէ խոստում չի տվել նրանց ազատության մասով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց և մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու համար, սակայն մեղադրանքը չի ընդունում։ Ծառուկյանը համարում է, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: