Ամո՛թ ձեզ, դուք, փաստորեն, տարիներ շարունակ կեղծիքով եք զբաղվել. Անահիտ Բախշյանը` ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակին

«Այսօր հայ երեխաները Արցախում զրկված են կրթություն ստանալու իրավունքից, հայ երեխաների դպրոցները ռմբահարված են: Ինչ է ստացվում՝ ինչ-որ շահերից ելնելով՝ այն տարիներին ՅՈՒՆԻՍԵՖ-ն օգնում էր մեր երեխաների կրթության իրավունքներն իրականացնել, իսկ այսօր լռում է, պապանձվել է, այսօր անգամ չի արձագանքում այն բոլոր օրհասական դրվագներին, որ կատարվում են Արցախում ու նույնիսկ ՀՀ սահմաններից ներս»,- ասաց Բախշյանը:
Նա դիմեց ՄԱԿ-ում աշխատող գործընկերներին. «Ամո՛թ ձեզ, դուք, փաստորեն, տարիներ շարունակ կեղծիքով եք զբաղվել եւ այն պատրանքը, որ մեր մեջ ներշնչել եք, թե մեր երեխաների շահերն եք պաշտպանում, այսօր հօդս է ցնդել, խելքի՛ եկեք: Այս անտարբերությունը չի սազում ՄԱԿ-ի կազմակերպությանը, հակասում է այդ կազմեկերպության բոլոր գրված-չգրված օրենքներին, իսկ դրանք բազաթիվ են, ճոխ են՝ թղթի վրա, բայց իրականում ունենք այս օրը, երբ դուք ոչ մի ռմբահարված դպրոց չեք գնացել, այդ մասին չեք խոսում»:
Նշենք, որ բողոքի ակցիան ավարտվեց, երբ ակցիայի մասնակիցներն արձանագրեցին՝ իրենց ակցիայի շնորհիվ ՄԱԿ-ի աշխատակիցներից մի քանիսը գնացել են վիրավորում ստացած քաղաքացիներին տեսակցելու։ Նրանք շեշտեցին, որ իրենց ակցիաները կունենան շարունակական բնույթ։