Անհասկանալի է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի լռությունը.Դուք որևէ անգամ չդատապարտեցիք Արցախի նկատմամբ զանգվածային, դաժան ագրեսիան

«Դուք սահմանափակվել եք Արցախի անկախության ճանաչման՝ Ֆրանսիայի ողջ հայ համայնքի և պատգամավորների կոչին լակոնիկ պատասխանով: Լեզվի ծայրով ասված այդ մի քանի բառը՝ շարունակել մնալ Մինսկի խմբի իրավական շրջանակում, մեզ հուշում են Ֆրանսիայի «չեզոքության» և «անհրաժեշտության» մասին։ Իրականում Ձեր կողմից որևէ ռեալ առաջարկ կամ գաղափար չի հնչեցվել, որը ցույց կտար Ձեր մտահոգությունը Արցախի դեմ թուրք-ադրբեջանական կոալիցիայի ագրեսիայի կապակցությամբ: Դուք որևէ անգամ չդատապարտեցիք Արցախի նկատմամբ զանգվածային, դաժան ագրեսիան:
Լքված Արցախը
Արցախն այդ շրջանի իրական անվանումն է, որը թաթարները, ներեցեք՝ ադրբեջանցիներն անվանում են Ղարաբաղ։ Ենթադրում ենք՝ Դուք դա գիտեք։ Դուք պատմության շրջանավարտ եք, չէ՞։ Ուրեմն, Դուք պետք է իմանաք, թե ինչ պայմաններում է հորինվել Ադրբեջան պետությունը 1918-ին և ինչո՞ւ Լենինը, որը հավատում էր, թե Մուստաֆա Քեմալին բոլշևիկյան ճամբար կմտցնի, թույլ տվեց Ստալինին անդամահատել Հայաստանը և Նախիջևանն, ու Արցախը տալ Ադրբեջանին։ Ակնհյատ է, որ մենք՝ հայերս, որևէ հետաքրքրություն չենք ներկայացնում Ֆրանսիայի համար՝ բացառությամբ ռազմական ժամանակաշրջանի: Մանուշյանն ու արևելյան լեգեոնի հազարավոր կամավորներն են դրա վառ վկաները: Այդ ամենն, իհարկե, անցյալում է, սակայն այդ անցյալը կրկին կհայտարարի իր մասին, դրանում չկասկածեք:
Դուք սեղմում եք դիվանագիտական դաշտը՝ ի շահ տնտեսական և ֆինանսական պրագմատիզմի: Մենք հասկանում եմ, որ կոմերցիոն շահերի տեսակետից էթիկան ոչինչ չի նշանակում, դա հնացած բան է՝ անցած- գնացած աշխարհի արժեք։ Դուք Ադրբեջանին ներկայացնում եք որպես ժողովրդավարական երկիր, այնինչ, այնտեղ բռնապետական դիկտատուրա է տիրում: Դուք գիտեք, որ Ալիևը ճնշում է իր ժողովրդին, լեզգինների և թալիշների զավակներին ուղարկում հայերի դեմ կռվելու այլոց թշնամու հետ: Դուք գիտեք, որ հայտնի ընտանիքը թալանում է նավթադոլարներ, որոնք, ի դեպ, նրանց երկար չի ծառայի:
Ձեզ հայտնի է Արցախում 1987 թվականի հանրաքվեից հետո իրականացված զանգվածային ջարդերի մասին: Պատգամավորների պալատը բավարարեց հարցումը, քանի որ այն համապատասխանում էր Գորբաչովի ժամանակների ԽՍՀՄ օրենքներին: Այնուամենայնիվ, փաստաթղթի վավերացումից հետո ջարդեր շարունակեցին իրագործվել նաև Սումգայիթում և Բաքվում, որի զոհ դարձան Ադրբեջանում ապրող խաղաղ հայեր, արդյունքում՝ լռեցվեց ժողովրդավարության ձայնը:
Քանի որ ժամանակակից պատմությունը Ձեր առաջին կիրքն է, Ձեզ հայտնի պետք է լինի այդ տարածաշրջանում իրականցաված ջարդերի մասին, որոնք կազմակերպել են թաթարները, կներեք, ադրբեջանցիները 1906, 1918 և 1920 թվականներին:
Այո, պարոն նախարար, սա երկար և արյունալի պատմություն է: Դուք, հավանաբար, միամտորեն կարծում էիք, որ ամեն ինչ ավարտվել է 1915 թվականին: Այնուամենայնիվ, այդ մարդիկ ունեն «երկու ժողովուրդ՝ մեկ ատելություն» նշանաբանը, և հիմա ցանկանում են ավարտին հասցնել իրենց ցեղասպան նախնիների կիսատ թողած գործը։:
Էրդողանը, մեջբերում եմ, ասել է. «Եթե դուք այսպես շարունակեք, վաղը ոչ մի եվրոպացի, ոչ մի արևմտացի իրեն անվտանգ չի զգա աշխարհում ոչ մի վայրում»: Ալիևն, իր հերթին, խոստացել է. «Մենք հայերին կքշենք, ինչպես շների, և նրանց կխեղդենք սեփական արյան մեջ»: Ահա ևս մեկը՝ «Ֆրանսիացիներին մնում է Մարսելն արաբներին հանձնել»: Ահա, չարության և ատելության նման մակարդակի հետ գործ ունեն այսօր Երևանն ու Ստեփանակերտը:
Դուք, հավանաբար, վերացականանալու մեծ ունակությամբ եք օժտված։ Կարող ենք միայն շնորհավորել Ձեզ այդ կապակցությամբ, բայց նաև հիշեցնել, որ Արցախը մեզ համար Էլզասն ու Լոթարինգիան է, և մենք երբեք այն չենք թողնի: Հասկանո՞ւմ եք: Մեզ ոչինչ այլևս չի մնում, քան դիմակայել, հակահարված հասցնել զավթիչներին, որոնք մեր մահվն են երազում։ Սա լոկալ կոնֆլիկտ չէ, այլ պարտադրված պատերազմ, որի հետ բախվել է հայ ժողովուրդը։ Սրա վառ ապացույցը Թուրքիայից և Պակիստանից ռազմական բարձրաստիճան խորհրդատուների ներգրավումն է, Սիրիայից, Լիբիայից և Աֆղանստանից վարձկան ջիհադիստները: Ուշադիր լսեք Էրդողանի խոսքերը, և կհասկանաք այս զգուշացումների ողջ էությունը: Նա հավատարիմ է իր խոսքին։ Նրա չարությամբ և ատելությամբ լցված ռևանշիզմը թափ է հավաքում: Եթե նրան չկանգնեցնենք, շատ ուշ կլինի, ընդ որում, ոչ միայն հայերի համար: Շուտով արյուն է թափվելու Հունաստանում և Բալկաններում: Ֆինանսական շա՞հն է մթագնում Ձեր միտքը: Չե՞ք նկատում, թե ինչ է տեղի ունենում: Արցախի և Հայաստանի բնակիչները լոկ տարածաշրջանի մաս չեն: Նրանք այդ տարածաշրջանում ապրում են ավելի քան 2000 տարի: Հայերը տարածաշրջանի դարպասներն են, նրա մշտական պահապանները:
Դուք պետք է հասկանաք, թե հանուն ինչի և ինչն են պաշտպանում հիմա հայերը, մի՞ թե դուք պատմաբան չեք:
Հարգանքով՝
Սիմոն Աբգարյան՝ դերասան, դրամատուրգ, ռեժիսոր,
Սերժ Ավետիքյան՝ դերասան, ռեժիսոր,
Ռոբեր Գեդիկյան՝ ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ