Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

04 նոյ 2020 10:37

ԱՄՆ-ն հազիվ թե թույլ տա Իրանի միջամտությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացին

Իրանի նախագահի` Արցախի հարցով հատուկ բանագնացի առաջարկները, որոնցով նա հանդես է եկել չորս մայրաքաղաքներում՝ Բաքվում, Մոսկվայում, Երևանում և Անկարայում, ոչ միանշանակ արձագանք են ստացել Հայաստանում։ Մի կողմից առաջարկություններում երևում էր դեպի Ադրբեջանը հակվող առանցք՝ հաշվի առնելով «տարածքային ամբողջականության», «ապաօկուպացիայի» ձևակերպումները, մյուս կողմից՝ Երևանում ոչ ոք չի ցանկանա փչացնել հարաբերություններն այդքան կարևոր և բարեկամաբար տրամադրված հարևանի հետ։
Ուրեմն ի՞նչ անել կարգավորման իրանական նախագծի հետ։ Ի դեպ, իրանական դիվանագիտության իրական դրդապատճառները երկար փնտրել պետք չէ։ ԵՊՀ Իրանագիտության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ գաղտնիք չէ, որ Թուրքիան և Ադրբեջանն այսօր ակտիվորեն փորձում են խախտել հակամարտության կարգավորման` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը։ Բանակցությունների սեղանի շուրջ իր համար տեղ ձեռք բերելու Թուրքիայի ձգտումն էլ հենց այդ ձևաչափը փոխելու փորձ է։

«Այդ ֆոնին Իրանը, իբրև տարածաշրջանի առանցքային խաղացողներից և Թուրքիայի մրցակիցներից մեկը, ինչպես նաև որպես Արցախի հետ սահմանակից երկիր, պարզապես չի կարող հեռու մնալ այս գործընթացներից։ Հենց այստեղ է պետք փնտրել հակամարտության կարգավորման իրանական առաջարկների արմատը։ Թեհրանը նույնպես ուզում է ներգրավված լինել բանակցային գործընթացում»,-ասաց Ոսկանյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում։
Նա գրեթե համոզված է, որ Իրանի ակտիվության հիմնական հասցեատերը շարունակում է մնալ Թուրքիան։ Գոյություն ունի ևս մեկ ոչ պակաս կարևոր հանգամանք, որին Հայաստանում պետք է ուշադրություն դարձնեն։ Թեև Թեհրանի առաջարկներում խոսվում է խաղաղության հաստատման հիմնարար ծրագրի մասին, առաջնային խնդիրը հրադադարի հաստատումն է, ինչը բխում է նաև Հայաստանի շահերից։ Իրանը, ինչպես և Հայաստանը, շահագրգռված է Սիրիայից տեղափոխված ահաբեկիչներին իր մատույցներից հեռացնելու հարցում։ Ոսկանյանը իրանցի դիվանագետների պնդումներում նաև «հայանպաստ» տարրեր է տեսնում տարածաշրջանում տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման վերաբերյալ։

«Մենք չպետք է մոռանանք Թուրքիայի և Ադրբեջանի երկարաժամկետ նպատակների մասին՝ միջանցք բացել Մեղրու միջով և ցամաքային կապ հաստատել Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավար մարզի միջև։ Ամեն դեպքում, նման հռետորաբանություն առկա է։ Եվ հասկանալի է, որ դա ուղիղ սպառնալիք է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Եվ երբ Թեհրանում խոսում են այդ սկզբունքի մասին, նկատի ունեն նաև այն, որ այստեղ վճռականորեն դեմ են տարածաշրջանի քարտեզը փոխելու` Անկարայի և Բաքվի բոլոր փորձերին»,-ասաց Ոսկանյանը։
Նա կարծում է, որ առաջարկների տարբեր կետեր կարող են տարբեր կերպ մեկնաբանվել։ Հայկական կողմն այս համատեքստում պետք է շեշտը դնի այն կետերի վրա, որոնք իրեն ձեռնտու են։
Մինչդեռ, ինչպես կարծում է քաղաքագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանը, ԱՄՆ-ն հազիվ թե թույլ տա Իրանի միջամտությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացին:

«Վաշինգտոնը չի ընդունի Թեհրանի ոչ մի առաջարկ, որը համաձայնեցված չէ իր հետ։ Այդ երկրները միմյանց հետ կատաղի մրցակցության մեջ են։ Եվ այդ մրցակցությունը տարածվում է նաև ղարաբաղյան կարգավորման վրա»,-Sputnik Արմենիային ասաց Սարգսյանը։

Միևնույն ժամանակ, նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ամերիկյան կողմից Իրանի դիվանագիտական ակտիվությանը որևէ հրապարակային արձագանք չի եղել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր