Վազգեն Մանուկյանը որպես վարչապետի թեկնածու.ԶԼՄ-ներ
Նիկոլ Փաշինյանին կարող է փոխարինել ընդդիմության միասնական թեկնածուն՝ նախկին վարչապետ և պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը: Այս մասին РБК-ին հայտնել է «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Ռոբերտ Հարությունյանը:
Հայաստանի ընդդիմության շրջանակներում «Ինտերֆաքսի» աղբյուրները եւս հայտնում են Վազգեն Մանուկյանի անունը որպես վարչապետի թեկնածու:
«Վազգեն Մանուկյանը կդառնա Հայաստանի անցումային կառավարության վարչապետի թեկնածուն», - հայտնում է գործակալության աղբյուրը:
Հոկտեմբերի 27-ին, Լեռնային Ղարաբաղում մարտերը սկսվելուց մեկ ամիս անց, Մանուկյանը կոչ արեց կառավարությանը հրաժարական տալ և իշխանությունը փոխանցել ռազմական ղեկավարությանը.
«Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում՝ դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել», - ասել էր Մանուկյանը:
Նա առաջարկել էր, որ բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ: Վազգեն Մանուկյանը նախազգուշացրել էր՝ հակառակ դեպքում «մենք կարող ենք ամեն ինչ կորցնել»: