Տեսանյութ. Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս և նույնիսկ պապիս մասին ինչ ասես ասվեց, ձեզ թվում է՝ արժանապատվությում չունե՞մ          Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել       Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է, մենք այնտեղ առևտուր կանենք    

28 դեկ 2020 13:56

Ասում եմ՝ վարչապետը չի կարողացել գնալ Սյունիք, լավ չե՞ք լսում, իսկ ինքը որ պահին ուզի կգնա. թեժ բանավեճ

«Մեր պատգամավորական թիմը մեկ շաբաթ առաջ է եղել Սյունիքում, ուսումնասիրել է իրավիճակն ու եղած խնդիրները»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով, իշխանությունը և իշխանական պատգամավորները պետք է Սյունիքում լինեին այն ժամանակ, երբ սյունեցիները փակել էին ճանապարհը և Նիկոլ Փաշինյանին ներս չէին թողնում։
«Եթե դուք դա չեք կարողացել անել, հիմա մեզ հրավիրում եք Սյունիք...։ Մենք երբ ուզենք, կարող ենք գնալ։ Իսկ դուք չեք կարող գնալ»,- նշեց Էդմոն Մարուքյանը։
Մինչ պատգամավորը կշարունակեր խոսքը, իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը տեղից բղավեց. «Քեզ ո՞վ է ասում, որ ես չեմ կարող գնալ Սյունիք։ Մենք չենք կարողացել գնալ, քանի որ ձեր դեմը փակել են»։
Ի պատասխան Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենք Տաթևով են գնացել, շրջանցել են ճանապարհը, քանի որ վարչապետի դիմաց փակ է եղել ճանապարհը։
Արմեն Խաչատրյանը կրկին միջամտեց խոսքին, որին հաջորդեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի սաստող կոչը. «Պարո՛ն Խաչատրյան»։
Թեև Արմեն Խաչատրյանը չլռեց, այնուամենայնիվ, Էդմոն Մարուքյանը շարունակեց խոսքը՝ ասելով, որ Արմեն Խաչատրյանը՝ որպես Սյունիքից ընտրված պատգամավոր, լավ կանի մանդատը վայր դնի՝ դրանով ցույց տալով իր բողոքը։
«Եվ երբ ես ելույթ եմ ունենում, մի տարեք իմ ժամանակը։ Կոնկրետ վարչապետը չի գնացել, չի կարողացել հասնել Սյունիք»,- նշեց Մարուքյանը։
Այս անգամ էլ նրան ընդհատեց Լենա Նազարյանը. «Պարո՛ն Մարուքյան, ինչո՞ւ եք սադրում։ Պատգամավորն ասաց, որ Սյունիքից է եկել»։
Էդմոն Մարուքյանն էլ արձագանքեց. «Ասում եմ՝ վարչապետը չի կարողացել գնալ Սյունիք, լավ չե՞ք լսում»։
Արձագանքելով, Լենա Նազարյանը նշեց. «Լավ, շարունակեք Ձեր ելույթը»։
Շարունակելով, Էդմոն Մարուքյանը հարց հնչեցրեց. «Ժողովուրդ, չե՞ք լսում ինչ եմ ասում։ Վարչապետը չի կարողացել գնալ Սյունիք, սրա մասին է խոսքը»։
Այս անգամ ևս ԼՀԿ ղեկավարին չհաջողվեց շարունակել խոսքը։ Արմեն Խաչատրյանը, արդեն բավականին բարկացած տեղից գոռաց. «Ես Սյունիքի ծնունդ եմ, չի կարող նման բան լինել, կարող է դու չկարողանաս գնալ Սյունիք»։
Այս խոսքից հետո գործընկերները Արմեն Խաչատրյանին դուրս բերեցին նիստերի դահլիճից, Էդմոն Մարուքյանն էլ կրկին նշեց, որ ամեն պահի, երբ ուզի կարող է գնալ Սյունիք։
Այս հայտարարությունից հետո Լենա Նազարյանը ԼՀԿ ղեկավարին ասաց, որ իր ելույթի ժամանակը սպառվել է։
«Է, ձեր պատգամավորը խանգարեց։ Սաստեիք, տիկին Նազարյան»,- նշեց Էդմոն Մարուքյանը։
ԱԺ փոխխոսնակն էլ մեկ րոպե ժամանակ տրամադրեց Էդմոն Մարուքյանին։
«Իմ ելույթը այլ բանի մասին էր։ Դուք այսօր ապացուցեցիք, որ չեք կարող արտահերթ ընտրություններ անցկացնել»,- նկատեց Էդմոն Մարուքյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր