Եթե վարույթ հարուցվի՝ իմ տեսակետը կարտահայտեմ. Ջհանգիրյանը՝ զինված հեղաշրջման կոչեր հնչեցրած անձանց չկալանավորելու մասին

«Ես քաղաքական մարդ չեմ, դուք ինձ քաղաքական պաշտոնում չեք նշանակում, չեք ընտրում: Ես որեւէ քաղաքական ուժի ներկայացուցիչ չեմ եւ ձեռնպահ կմնամ այդ գնահատականները բարձրաձայնելուց, բայց կասեմ՝ եթե այդ հիմքով՝ Ձեր հիշատակած, կարգապահական վարույթ հարուցվի, եւ ԲԴԽ-ն քննարկի, ապա ես իմ տեսակետը իհարկե կարտահայտեմ»,- ասաց Ջհանգիրյանը:
Հիշեցնելով իր նախորդ պատասխանները՝ Ջհանգիրյանը նշեց, որ երբ խոսում էին դատարանների որոշումների կանխատեսելիության մասին, խնդիրը հենց դա էր, որ ծանր, առանձնապես այնպիսի ծանր հանցագործությունների կատարման, փորձի համար, որոնք կարող են վտանգի ենթարկել շատերի կյանքը, պետական անվտանգությունը, կառավարման համակարգը, իհարկե պետք է գործեն խափանման միջոցները:
«Եթե այդ պարագաներում ամենախիստ խափանման միջոց կալանքը չի գործում՝ դա բացատրելի չէ, բայց Ձեր նշած կոնկրետ գործերի պարագայում ո՛չ ծանոթ եմ այդ մեղադրանքներին, որոշումներին, ո՛չ էլ ծանոթ եմ դատարանների որոշումների հիմնավորումներին: Դրա համար մեծ սիրով կսպասեմ՝ եթե այդպիսի դեպքերում հարուցվեն կարգապահական վարույթներ, այն ժամանակ քննարկենք»,- ասաց Ջհանգիրյանը: