Փաշինյանը խաղում է գրեթե բաց խաղաքարտերով ու այլեւս չի էլ թաքցնում, որ ունի մեկ վերջնական առաքելություն. Բոլորի նշաձողը պետք է հասցվի իր նշաձողին. «168 ժամ»
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-08/medium/1535014561_18.thumb.jpg)
Իրականում Մակունցի նշանակման մեջ խայտառակ ու անսովոր ոչինչ չկա։ Դա ոչ թե խայտառակություն է, այլ խիստ օրինաչափ քայլ։ Եթե Նիկոլ Փաշինյանը կարող է զբաղեցնել՝ վարչապետի, Արարատ Միրզոյանը՝ ԱԺ նախագահի, Հայկ Մարությանը՝ Երեւանի քաղաքապետի, Սարգսյան անունով կոկորդիլոսասերը՝ ինչ-որ մարզպետի պաշտոն, ու այդպես շարունակ․․․ ապա շատ օրինաչափ է, որ դիվանագիտության հետ որեւէ աղերս չունեցող Մակունցը զբաղեցնելու է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը։ Մակունցին դեսպան նշանակելով՝ Նիկոլ Փաշինյանը հերթական քայլն է անում՝ արդարության հաստատման գործում։
Իսկ արդարությունն այն է, որ, եթե Հայաստանի ամենաբարձրաստիճան պաշտոնները կարող են զբաղեցվել հակահայկական ու հակապետական էլեմենտների կողմից, ապա նույն սկզբունքը պետք է կիրառվի բոլոր ուղղություններում ու բոլոր մակարդակներով։ Այսինքն՝ նշաձողը պետք է իջեցվի մինչեւ հնարավոր նվազագույնը՝ առանց բացառության բոլոր ոլորտներում։ Որովհետեւ ազնիվ չէ, եթե վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը, իսկ, օրինակ, ԱՄՆ-ում դեսպան է աշխատում որեւէ փորձառու դիվանագետ։
Բոլորի նշաձողը պետք է հասցվի Նիկոլ Փաշինյանի նշաձողին, այսինքն՝ մարդկային ու քաղաքական անկման ամենացածր կետին։ Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր քայլից հետո թվում է, թե դա է անկման ստորին կետը, բայց ոչ, ամեն հաջորդ գործողությամբ նա ցույց է տալիս, որ դեռ կա դեգրադացիայի նոր, ավելի խորը աստիճան։ Իսկ դեգրադացիան, բարոյազրկումն իրենց էությամբ անսահմանություն ենթադրող վիճակներ են, հետեւաբար՝ մենք առաջիկայում դեռ ականատես ենք լինելու նորանոր անկումների։
Դրանց պայմանական վերջնակետը կարող է լինել պետության ամբողջական կազմաքանդումը, որին իր ամեն մի նոր գործողությամբ ավելի է մոտենում Նիկոլ Փաշինյանը։ Մակունցի նշանակումն այդ ճանապարհի կարեւոր, բայց փոքր քայլ է։ Նիկոլ Փաշինյանը խաղում է գրեթե բաց խաղաքարտերով ու այլեւս չի էլ թաքցնում, որ ունի մեկ վերջնական առաքելություն՝ հայկական պետականության կազմաքանդումն ու կործանումը։ Նա առայժմ հաջողություններ է արձանագրում իր այդ առաքելության իրականացման ճանապարհին։ Այդ հաջողությունների թվում են նաեւ հենց այսպիսի իրողությունները, երբ հասարակության քիչ թե շատ ակտիվ զանգվածին հնարավոր է դառնում շեղել Մակունցի նշանակման նման փոքր իրադարձություններով։
Այդպիսով Նիկոլ Փաշինյանը կարողանում է նաեւ հաջողությամբ կառավարել տեղեկատվական հոսքերը։ Մակունցի նշանակման մասին լուրը բավական էր Արարատ Միրզոյանի անձի շուրջ ծավալված գործակալական սկանդալը մոռացության մատնելու կամ հետին պլան մղելու համար։ Նիկոլ Փաշինյանն այլեւս իրեն ամուր է զգում այնքան ու այնպես, որ կարողանում է քաղաքական օրակարգ ձեւավորել ու թելադրել։ Խնդիրը հենց դա է, եւ ոչ թե ուսապարկերից ոչ թե՝ շարքայինին, այլ՝ հատկապես ոսկեզօծ շղթաներովին դեսպան նշանակելու հարցը»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի՝ 26.01.21թ. համարում։