48 մլն դոլար, որը պետք է ներդնեին ՀՀ-ում՝ հեղաշրջումն իրականացնելու համար.Պատերազմի պարտության սցենարը մշակված էր մինչև 2018թ հեղաշրջումը
Պատերազմի պարտության սցենարը եղել է մշակված մինչև 2018թ մայիսյան իրադարձությունները։ Մինչև Նիկոլի և նրա բանդայի կողմից հեղաշրջումը, հստակ ծրագիր կար մշակված՝ ինչպես Հայաստանը քայքայել, ինչպես Հայաստանից վտարել ռուսական ռազմաբազաները և Հայաստանը դարձնել թուրքական վիլայեթ։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Գառնիկ Իսագուլյանը։
Իսագուլյանի խոսքով՝ ծրագրի առաջին մասը հեղափոխությունն էր, որի արդյունքում պետք է գրավեր գործադիր իշխանությունը, որը տեղի ունեցավ 2018թ ապրիլ-մայիս ամիսներին։
«Ադրբեջանից և Թուրքիայից ստացել էին բավականին մեծ գումար՝ 48 մլն դոլար, որը պետք է ներդնեին Հայաստանում՝ հեղաշրջումն իրականացնելու համար, ինչի մասին գրել է միջազգային մամուլը, ռուսական, թուրքական ԶԼՄ-ները»,- նշեց նա՝ հավելելով, որ հեղաշրջումը Հայաստանում տեղի է ունեցել թուրք-ադրբեջանական փողերով։
Ծրագրի առաջին փուլում, ըստ Իսագուլյանի, եղել է գործադիր իշխանության գրավումը, երկրորդ փուլում՝ գրավել օրենսդիր իշխանությունը, երրորդ՝ դատական իշխանությունը, չորրորդ փուլում՝ սկսել պատերազմի իմիտացիա, դատարկել ամբողջ Արցախը, մեղքը փորձել բարդել ՀՀ-ում նախկին իշխանությունների, հին գեներալների, Ռուսաստանի վրա։
«Հայաստանը պետք է զրկվեր իր ռազմավարական գործընկերոջից, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունից կտրելու համար Մեղրիի հատվածը պետք է անցներ Ադրբեջանին, այսինքն՝ Հայաստանը պետք է օղակվեր թուրքական աշխարհով։ Սա եղել է հիմնական ծրագիրը, որը մշակվել է ոչ ՀՀ-ում, մեծ մասնակցություն են ունեցել Թուրքիան, Ադրբեջանը, Անգլիան և Իսրայելը»,- նշեց Իսագուլյանը՝ հավելելով, որ այդ ծրագիրը չիրականացվեց մեկ պատճառով, այն է՝ որևէ մեկը չէր հաշվարկել, որ կհայտնվի ծագումնաբանությամբ սասունցի մեկը, որը հրաժարական չի տա և կդիմակայի բոլոր կարգի ճնշումներին, խոսքը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին է։
Նրա խոսքով՝ իշխանությունները կարծում էին, որ շատ արագ ճնշումների ներքո կփոխեն ՍԴ-ն, այսինքն՝ Հրայր Թովմասյանը մոտ 6-7 ամիս ժամանակ շահեց։ Իսագուլյանի խոսքով՝ Հրայրը դիմանում էր բոլոր ճնշումներին, ՍԴ մյուս դատավորները՝ ևս, որից հետո իշխանությունները որոշեցին գնալ հակասահմանադրական ճանապարհով՝ հանրաքվեի միջոցով փոփոխություններ իրականացնել, սակայն հայտնվեց կորոնավիրուսի համավարակը և այդ պայմաններում հնարավոր չէր հանրաքվե իրականացնել։
«Կորոնավիրուսի համավարակի պայմաններում ավելի ստոր քայլի գնացին՝ Սահմանադրությունը ոտնահարելով կատարեցին սահմանադրական կարգի տապալում, հեղաշրջում, Սահմանադրությանը հակասող օրերքներ ընդունեցին, բայց միևնույն է ՍԴ-ն՝ որպես ամբողջությամբ իրենց ենթարկվող մարմին չկարողացան իրականացնել, բայց պատերազմն էլ երկար հետաձգել չէր կարելի։ Պատերազմն իրենց սցենարով տարան պարտության»,- նշեց Իսագուլյանը։
Իսգալուլյանն ընդգծեց, որ պատերազմի պարտության համար սցենարում, որը մշակված էր մինչև հեղաշրջումը, ընդգրկված են եղել Նիկոլ Փաշինյանը, իր կինը, Արմեն Գրիգորյանը, Մակունցը, Լենա Նազարյանը, Արայիկ Հարությունյանը։