ՊՊԾ-ի գրավման գործով չի բացառվում որպես մեղադրյալ ներգրավվի Փաշինյանը
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-03/medium/1551513584_zaruhi-3-726x400.jpg)
Պաշտպաններից Զարուհի Փոստանջյանը դատաքննությունը վերսկսելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց, հիմքը՝ Նիկոլ Փաշինյանին որպես վկա հարցաքննելը։
Նա նշեց, որ Փաշինյանը հանդիսանում է սույն քրեական գործով ապստամբության պատճառների և ոստիկան Գագիկ Մկրտչյանի հրազենային վնասվածք ստանալու վերաբերյալ տեղեկատվություն կրող անձ։
«2016 թվականի հուլիսի 17-ին Նիկոլ Փաշինյանն անհայտ պայմաններում կարողացել է մուտք գործել ՊՊԾ գունդ, տեղեկություն հավաքել ՊՊԾ գնդում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Այդ օրերին նա կապի մեջ է եղել Հայաստանի իրավապահ մարմինների հետ և իրազեկված է՝ ով է պատճառել Գագիկ Մկրտչյանին հրազենային վնասվածք։
Փաշինյանը պետք է գա այստեղ ու առայժմ վկայի կարգավիճակում հարցաքննվի, հետագայում չի բացառվում որպես մեղադրյալ ներգրավվի այս քրեական գործի շրջանակներում»,- ասաց Զ. Փոստանջյանը։
Գագիկ Մկրտչյանի կինը հետաքրքրվեց, թե որտեղի՞ց են վերցրել, որ Փաշինյանն այցելել է իր ամուսնուն. «Ես ամեն օր հիվանդանոցում եմ եղել, նրան չեմ տեսել»։
Դատախազն առարկեց Նիկոլ Փաշինյանին ՊՊԾ-ի գործով հարցաքննության կանչելու միջնորդության դեմ, նշվեց, որ պաշտպանի կողմից բերված փաստարկները որևէ կերպ չեն կարող ազդեցություն ունենալ ամբաստանյալներին մեղսագրված հանցավոր արարքների հիմնավորման կամ հերքման տեսանկյունից։ Դատախազի խոսքով, միջնորդությունն անհիմն է ու ենթակա մերժման։
Այսպիսով, դատարանը մերժեց Փաշինյանին որպես վկա դատարան հրավիրելու Փոստանջյանի միջնորդությունը։ Դատավորն ասաց, որ ներկայացված դատողությունները ենթադրական բնույթի են, այս գործի քննության ընթացքում որևէ փոխկապակցված ապացույցի հետ որևէ աղերս չունեն, դատաքննության ընթացքում նման տվյալներ ձեռք չեն բերվել։