Նախարար. Հայաստանում բոլոր սոցիալական ծառայությունների մատուցմամբ կզբաղվի միասնական մարմինը
Բոլոր սոցիալական ծառայությունների մատուցմամբ կզբաղվի միասնական մարմնի` Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակը: Այս մասին փետրվարի 3-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին «Սոցիալական աջակցության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Նախարարի խոսքով` օրենսդրական փոփոխություններն ուղղված են ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմանը: «Ենթադրվում է, որ այս համակարգի ներդրումը կբարձրացնի քաղաքացիների սոցիալական պաշտպանության արդյունավետությունը, ինչպես նաեւ` սոցիալական ծառայությունների որակը: Ընտանիքներին համապարփակ եւ լիարժեք ծառայությունների փաթեթի տրամադրում կապահովվի` նրանց սոցիալական կարիքների համապատասխան»,- պարզաբանեց նախարարը:
Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը կներդրվի 2021 թվականի ապրիլի 1-ից: Միասնական մարմնում նախատեսվում էր սոցիալական ապահովության 4 -ից 3 մարմինների ներառումը: Խոսքը բժշկական եւ սոցիալական փորձաքննության եւ զբաղվածության գրասենյակների, ինչպես նաեւ սոցիալական պաշտպանության տարածաշրջանային գործակալությունների մասին է: Այնուամենայնիվ, ավելի ուշ որոշվեց դրանում ներառել նաեւ Սոցիալական ապահովության ծառայությունը:
Հիշեցնենք, որ արտահերթ նիստին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ արդեն հաստատել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ` 96, դեմ` 10):