Ճանապարհահատվածի վրա ցուցանակ տեղադրելն արդեն իսկ սադրանք էր.Մեր անվտանգության երաշխավորը ռուս սահմանապահներն են
Օրվա մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ ադրբեջանցիները իրենց դիրքերն առաջ են բերել Ներքին Խնձորեսկի ուղղությամբ ու մոտենում են գյուղին: Իրականում ի՞նչ էր տեղի ունեցել, ինչ իրավիճակ է հիմա: Հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանից, ով փաստեց.
-Եթե հիշում եք՝ ադրբեջանական կողմը վերջերս ցուցանակ էր տեղադրել դեպի Կապան տանող ճանապարհահատվածի վրա «Բարի գալուստ Ադրբեջան» գրությամբ: Մերոնցից մեկը կրակել էր այդ ցուցանակին, որից հետո ազերիները փոխել էին ցուցանակը և դիրքավորվել արդեն տվյալ ցուցանակի մոտ: Ռուս սահմանապահները փորձել են թույլ չտալ ադրբեջանցիներին դիրքավորվել, բայց նրանք, այդուհանդերձ, դիրքավորվել են:
-Ճի՞շտ է, որ ռուս խաղաղապահները «ԲՏՌ»-ով փակել էին ադրբեջանցիների մուտքը:
- Այո, նրանք փակել էին ճանապարհը, որպեսզի ադրբեջանական կողմին թույլ չտան դիրքավորում կատարել տվյալ հատվածում: Արդյունքում ստացվեց, որ հիմա՝ ներկա պահին, ադրբեջանական կողմը դիրքավորված է Կապանի ճանապարհահատվածի ցուցանակի դիմաց, բայց ռուսները նոր վերակարգ են տեղադրել՝ հենց ադրբեջանցիների դիմաց:
-Պարո՛ն Փարսյան, տարբեր աղբյուրներ նշում են, որ ըստ էության, սադրանքը մեր կողմից է եղել:
-Սադրանքը հենց սկզբից էր՝ հունվարի 22-ին, երբ տեղադրվեց վերը նշված վերտառությամբ պաստառը ճանապարհի եզրին: Բնական էր, որ մերոնք պետք է ինչ-որ մի ձևով արձագանքեին: Տվյալ ճանապարհահատվածի վրա ցուցանակ տեղադրելն արդեն իսկ սադրանք էր:
-Այսինքն՝ ազերիները նման սադրանքներով կամաց-կամաց առաջ են գալիս:
-Իրենց պատկերացմամբ՝ սահմանից առաջ չեն եկել: Սակայն դա երկու կողմի համար էլ խնդրահարույց ճանապարհահատված է՝ Կապան-Ճակատեն հատվածը:
-Այս պահին ի՞նչ իրավիճակ է տվյալ տարածքում:
-Ոչ մի խուճապ չկա, ճանապարհը շարունակում է գործել իր բնականոն հունով, ճանապարհահատվածի անվտանգությունը վերահսկում են ռուս խաղաղապահները, վտանգավոր բան չկա:
- Այլ միջադեպեր գյուղում լինո՞ւմ են։
- Ոչ, ոչ, չկան նման բաներ: Չկան, որովհետև մեր անվտանգության երաշխավորը ռուս սահմանապահներն են»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: