Դ. Գյուրջինյանը խժռել է պարգևավճարի համար տրված 19 մլն դրամը

ՀՀ լեզվի կոմիտեին պետական բյուջեից համապատասխան տնտեսագիտական դասակարգման «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով 2019 թ. տրամադրվել է 13 մլն 274.5 հազար դրամ, 2020 թ.՝ 14 մլն 839.5 հազար դրամ (տե՛ս Yerkir.am-ին ԿԳՄՍՆ-ի կողմից ներկայացրած պաշտոնական փաստաթուղթը՝ թվագրված 13.03.2020 թվականով, որը կցվում է)։
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի՝ ՀՀ լեզվի կոմիտեի աշխատակիցներին ներկայացրած գրավոր պատասխանի մեջ (տվյալ փաստաթուղթը ևս կցվում է սույն հարցմանը) նշված է, որ տնտեսագիտական դասակարգման հոդվածով նախատեսված 13 մլն 274.5 հազար դրամի գծով բյուջետային տարվա (2019 թ.) ընթացքում որևէ վերաբաշխումներ կամ փոփոխություններ չեն եղել։
Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ 2020 թ. պետական բյուջեով համապատասխան ծրագրի «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով նախատեսված 14,839.5 հազ. դրամից ՀՀ կառավարության 28.04.2020 թ. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 636-Ն որոշմամբ նվազեցվել է 1,030.5 հազ. դրամ, ուղղելով այն ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների ապահովմանը: Արդյունքում նշված հոդվածի գծով ճշտված գումարը կազմել է 13,809.0 հազ. դրամ:
2020 թ.-ին Լեզվի կոմիտեի «Լեզվի բնագավառում պետական քաղաքականության մշակման և իրականացման ծառայություններ» միջոցառման տնտեսագիտական դասակարգման «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածի գծով նախատեսված 13,809.0 հազար դրամից փաստացի ծախսը կազմել է 7,916.90 հազ. դրամ, մնացորդը՝ 5,892.1 հազ. դրամ:
Արդյունքում՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածի գծով ՀՀ լեզվի կոմիտեին է տրվել 13 մլն 274.5 հազար դրամ՝ 2019, 7,916.90 հազ. դրամ՝ 2020 թվականների համար, և նշյալ գումարներն ամբողջությամբ ծախսվել են:
Yerkir.am-ը հրապարակված անդրադարձի մեջ փաստել էր, որ 2019 թ. Լեզվի կոմիտեին տրամադրված 13 մլն 274.5 հազար դրամի պատկառելի մնացորդը՝ մոտ 11 մլն դրամը, չի տրամադրվել աշխատակիցներին: Ցավոք, կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը խորհրդավոր լռությամբ և խուսափոխական կեցվածքով՝ ո՛չ մեզ, ո՛չ, առավել ևս, սեփական հիմնարկի աշխատակիցներին, այդպես էլ չմանրամասնեց, թե, ի վերջո, ու՞ր է անհետացել վերհիշյալ շուրջ 11 մլն դրամը:
Ժողովրդական խոսք կա՝ ախորժակն ուտելուց է բացվում: Տեսնելով, որ կարելի է հիմնարկի աշխատակիցներին նշյալ տողով տրամադրված պարգևավճարների գումարն ընդհանրապես չտալ և վայելել միայնակ (կամ տեղակալ Մարատ Յավրումյանի հետ միասին), Դավիթ Գյուրջինյանը 2020 թ. 13,809.0 հազար դրամից փաստացի ծախսված 7,916.90 հազ. դրամով պարգևատրել է միայն իրեն (հնարավոր է՝ որոշ բաժին էլ հասած լինի տեղակալ Մարատ Յավրումյանին): Ինչպես Yerkir.am-ի հետ զրույցում փաստեցին աշխատակիցները՝ իրենց որևէ լումա չի տրվել ողջ 2020 թ. ընթացքում:
Եզրակացնենք. 2019-2020 թթ. ընթացքում Դավիթ Գյուրջինյանը միայնակ կամ տեղակալ Մարատ Յավրումյանի հետ մասին յուրացրել է պարգևավճարների տողով հիմնարկին տրամադրված շուրջ 19 միլիոն դրամը:
Հիշեցնենք, որ Դավիթ Գյուրջինյանը աշխատակիցների տրամադրվելիք պարգևավճարների գումարները միայնակ յուրացրել է 2020 թվականին, տարի, որը ողջ հայ ժողովրդի համար ճակատագրական էր՝ թե՛ թագավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամի իմաստով, թե՛ Արցախյան գոյապայքարի դժոխային շրջափուլում ունեցած մարդկային, հողային, հոգևոր, բարոյական, տնտեսական և այլևայլ ծանրագույն կորուստների բերումով:

Փաստորեն, երբ ողջ տարվա ընթացքում հայ ժողովուրդը պայքարում էր թագավարակի հետևանքների վերացման, իսկ Արցախյան պատերազմի ճակատագրական օրերին՝ հաղթանակ կերտելու համար, երբ անգամ դպրոցականներն ու թոշակառու տատիկ-պապիկներն էին իրենց սուղ միջոցներից բաժին հանում առաջնագծում կյանք տվող հայորդիներին օժանդակելու համար, երբ դավաճանական գործարքների արդյունքում տվավեր ու գաղթական դարձան Քարվաճառի, Քաշաթաղի, Հադրութի, Շուշիի և Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի՝ թշնամուն հանձնված մի շարք գյուղերի բնակիչները, իրեն մտավորական համարող Դավիթ Գյուրջինյանն զբաղված էր պետական բյուջեն խժռելու ախորժաբեր գործով:
Թե ինչ կարելի է անվանել Դավիթ Գյուրջինյանի սույն արարքը՝ թող ասի ընթերցողը:
Հավելենք միայն, որ, բնականաբար, Դավիթ Գյուրջինյանը, իբրև մտավորական, չի միացել հազարավոր մտավորականների, ազգային-հասարակական գործիչների ու բուհական-ակադեմիական շրջանակների՝ Արցախը դավաճանաբար հանձնած և հայոց պետականությունը վտանգի ենթարկած իշխանությունների դեմ արդարացի բողոքին, հայրենիքի համար ճակատագրական այս փուլում որևէ քայլ չի արել՝ փրկելու հայոց պետականության երերացող նավը:
Սրանով պատասխանեցինք նաև Փաշինյանի հերթական ցինիզմին առ այն, թե հրապարակում պայքարողները կոռումպացված դասախոսներն են, բժիշկներն ու այլոք, որոնց նա անվանեց փսևդո-էլիտա: Իսկ իրականության մեջ՝ ճիշտ հակառակն է (Փաշինյանի պարագայում՝ ինչպես բոլոր դեպքերում). հրապարակներում չպայքարողներն են հենց կոռումպացված, բարոյական նկարագրից զուրկ և հայրենիքը 30 արծաթով վաճառելու պատրաստ անձինք: