Վրաստանը Թուրքիայի հաշվին կվերականգնի ՀՀ սահմանին մոտ գտնվող՝ Ռուսաստանի կողմից ռմբակոծված օդանավակայանը Տարածաշրջան
Վրաստանը Թուրքիայի հաշվին վերականգնում է 2008 թ.-ին ռուսական ինքնաթիռների կողմից ռմբակոծված՝ Մառնեուլի ռազմական օդանավակայանը: Այս մասին հայտնում է Anadolu-ն`հղում անելով Վրաստանի խորհրդարանի Պաշտպանության կոմիտեի` 2020 թ. զեկույցին։
Օդանավակայանը կվերականգնվի Թուրքիայի կողմից հատկացված միջոցներով: Նշվում է, որ 2020 թվականի հոկտեմբերին Թուրքիան Վրաստանին ռազմական ծախսերի համար հատկացրել է շուրջ 14 միլիոն դոլար:
«Ռազմական կարիքների համար հատկացված միջոցները կծախսվեն ապրանքների և ծառայությունների վրա, գերադասելի է՝ թուրքական ընկերություններից և ընկերություններից, ինչպես նաև պետք է իրականացվի Մառնեուլի օդանավակայանի արդիականացում»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ Մառնեուլի օդանավակայանը, որը չի բացառվում՝ կդառնա հետագայում Թուրքիայի կամ ՆԱՏՕ–ի ավիաբազա, գտնվում է ՀՀ սահմանից 20-25 կմ հեռու։