Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

18 փետ 2021 10:58

Երկրի ղեկավարությունը կարծում էր, որ ձերբակալություններն ավելի են բորբոքելու կրքերը․ Միհրան Հակոբյանը՝ հեղափոխությունը կանխելու մասին․ «Հրապարակ»

«2018-ի ապրիլի 23-ին խորհրդավոր տեքստով իշխանությունից հեռացած Սերժ Սարգսյանը հարցազրույց տվեց «Արմնյուզին»՝ երեք տարի անց պատմելով, թե ինչու ինքը հրաժարական տվեց: Իսկ ինչ տվեցին մեզ երրորդ նախագահի՝ երեք տարի անց տված պարզաբանումները, երբ բա­նը բանից անցել է. հարց ուղղեցինք ՀՀԿ խմբակցության նախկին պատ­գամավոր Միհրան Հակոբյանին:

«Ձեր գործընկեր լրագրողն այդ հարցը տալիս է, և ...նախագահ Սերժ Սարգսյանը, ես կարծում եմ, համապարփակ պատասխանեց այդ հարցին, թե ինչու տեղի ունեցավ հրաժարականը, ինչով էր դա պայմանավորված, և շատ ազդե­ցիկ մեսիջներ տվեց, որ ցանկա­ցած վերլուծող մարդ հասկանում է՝ իրադրությունը 2018-ի ապրիլին ստեղծված էր այնպես՝ տարատե­սակ ուժերի կողմից, որ հրաժարա­կան չտալը և չհեռանալը հանգեցնե­լու էր արյունահեղության: Եվ իր  խոսքում էլ նախագահ Սարգսյանը նշեց, որ ցուգցվանգային իրավիճա­կում էր հայտնվել»:

-Նրա պատասխանները լրա­ցուցիչ հարցեր առաջացրին: Օրի­նակ, երբ ասում է՝ որևէ մեկը չէր կարող կանխատեսել, որ Հա­յաստանում կարող է այդ շարժումը ստանալ այդպիսի ընթացք, հարց է առաջանում՝ ինչի՞ համար էիր դուք՝ նրա թիմակիցները, կանխատեսեիք, հուշեիք նրան, որ Գյումրիից մեկնարկած մի քանի հոգանոց շարժումն էսկալացիա է ունենում, կամ՝ ԱԱԾ, ոստիկանություն չկա՞ր երկրում, նրան չէ՞ին զեկուցում իրավիճակը:

- Նիկոլ Փաշինյանը Երևան մտել է մինչև 20 հոգի մարդով, և ակնհայտ էր, որ կանխատեսել, թե նման թափ կարող է ստանալ, ես՝ անձամբ, չէի կարող: Իսկ անվտանգության, հետախուզական ծառայությունները, իրավապահ համա­կարգը, չեմ կարծում, թե ինձանից, Ձեզանից ավելի շատ բան կարող էին տեսնել: Երբ Նիկոլ Փաշինյանը Երևան էր մտնում 20 հոգով, դրա դինամիկան, աճը կանխատեսել, որ դա կարող է վերածվել 100 հա­զարների, մի փոքր բարդ խնդիր է: Չնայած, որ մենք՝ բոլորս, երևի թե հիմա հասկանում ենք, թե դա ինչ­պես եղավ, ինչ ցանցեր աշխատեցին ներսից և դրսից, և ինչ էր պլանա­վորված:

-Իսկ երբ Ռադիոտունն էին գրավում՝ դուռը կոտրելով, այդ ժամանակ ոստիկանությունը լեգի­տիմ իրավունք չունե՞ր ուժ կիրա­ռելու, Սերժ Սարգսյանն իրեն չէ՞ր կարող իրավունք վերապահել՝ այդ խնդիրն օրենքի դաշտում լուծելու:

-Ես կարծում եմ, երբ որ պե­տական ռեժիմային հիմնարկի վրա հարձակում է տեղի ունենում, իրավապահ համակարգը պետք է գործի և արձագանքի շատ կտրուկ:

-Տեղեկություն կա, որ փորձել է գործել, Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է Սերժ Սարգսյանին, որ այսպիսի իրավիճակ է, սակայն նա թույլ չի տվել:

-Ես կարող եմ ասել այն, ինչ տեսել եմ, որ ներխուժել են պետա­կան ռեժիմային հիմնարկ, ջարդել են դուռը, և դրանից հետո ոչինչ չի ձեռնարկվել:

-Ինչո՞ւ: Այդ հարցը չե՞ք տվել Սերժ Սարգսյանին:

-Ես ունեմ իմ ենթադրությունը, որ այդ ժամանակ երկրի ղեկավա­րությունը կարծում էր, որ ձերբակա­լություններն ավելի են բորբոքելու կրքերը, ավելի լավ է չձերբակալել, թող այդ շարժումն իր հունով գնա մարի: Այստեղ հստակ աքսիոմ է գործում, որ այն, ինչ տեղի է ունեցել, անօրինականություն է: Այստեղ հակընդդեմ հարցն է առաջանում՝ իսկ հեղափոխությունն օրինակա՞ն է: Ցանկացած հեղափոխություն անօ­րինական է:

-Սերժ Սարգսյանն ասում է՝ ես իշխանությունը հանձնել եմ Կարեն Կարապետյանին, ոչ թե սրանց (Փաշինյանին և իր թիմակիցնե­րին): Ինչպե՞ս է հանձնել Կարեն Կարապետյանին, եթե այն հետո վերցրին սրանք:

-Ես երևի առաջին անգամ եմ հրապարակային խոսում այդ մա­սին, պատմեմ մի փոքրիկ դրվագ, որ 2018 թվականի ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը ես հանդիպել եմ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ունեցել եմ առանձնազրույց, ինքն ինձ հարցրել է. «Մեր մեջից տարի­քով ամենափոքրը դու ես, ի՞նչ ես կարծում, Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է Հայաստանի վարչապետ լինել»: Ես ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող Հայաստանի վարչապետ լինել, և եթե նա լինի վարչապետ, Լեռնային Ղարաբաղը և իր՝ Սերժ Սարգսյանի կյանքի գործը վտանգի տակ է դրվելու: Նախագահն ինձ ասաց՝ շատ լավ, այդ դեպքում կա­րո՞ղ ես ընդունել Կարեն Կարա­պետյանին այնպես, ինչպես ինձ ես ընդունել. Կարեն Կարապետյանը վարչապետի մեր թեկնածուն է: Ես ասացի՝ պարո՛ն նախագահ, իրավի­ճակն այնպիսին է, որ Դուք, կոպիտ ասած, մեր հրամանատարն եք, և այդ հրամանը, որ Դուք կարծում եք, որ հիմա պետք է կատարվի, ուրեմն պետք է կատարվի: Եթե մեր վարչա­պետի թեկնածուն Կարեն Կարա­պետյանն է, ուրեմն Կարեն Կարա­պետյանն է:

-Ձեր թիմի ներսում բոլորը չէ, որ ընդունում էին Կարեն Կարա­պետյանին:

-Ես ասում եմ այն խո­սակցությունը, որ ունեցել եմ նա­խագահ Սարգսյանի հետ... Դրանից հետո անցել են հաշված ժամեր, և մեր խմբակցության ներկայությամբ, պարոն Կարապետյանն էլ ներկա է եղել, երբ մենք հանդիպել ենք Սերժ Սարգսյանի հետ, Սերժ Սարգսյանը և Կարեն Կարապետյանը մեզ ասել են, որ ՀՀԿ-ն մայիսի 1-ի վարչապետի ընտրության օրը թեկնածու չունի:

-Ինչո՞ւ: Չէի՞ք վստահում Կարեն Կարապետյանին:

-Չէ, չվստահելու հարցը չէ, ՀՀԿ խմբակցության մեծամասնությունը համաձայնությունը տվել էր... Ես, համենայնդեպս, չգիտեմ մարդ, ով ասում էր՝ ես չեմ ընտրելու Կարեն Կարապետյանին: Թե ինչ եղավ, երբ որ արդեն փոխվարչապետ Կարեն Կարապետյանին Սերժ Սարգսյա­նը հանձնել էր իշխանությունը, Սերժ Սարգսյանի՝ հրաժարական տալուց հետո ինքն էր վարչապե­տի պաշտոնակատարը, և ՀՀԿ խմբակցությունն էլ պատրաստ էր նրան ընտրել ՀՀ վարչապետ, թե ինչ եղավ հետո, որ Կարեն Կարա­պետյանը հրաժարվեց ստանձնել վարչապետի պաշտոնը, դա, երևի, արդեն պետք է հարցնել Կարեն Կա­րապետյանին:

-Իսկ իմ տեղեկությամբ՝ ձեր փակ նիստին քննարկվել է ինչպես Կարեն Կարապետյանի, այնպես էլ այլ թեկնածուի, օրինակ՝ Վիգեն Սարգսյանի անունը, բայց ներսում դեմ են եղել:

-Նման քննարկում տեղի չի ունե­ցել: Մենք բոլորս՝ անհատապես, առանձնազրույց ենք ունեցել Սերժ Սարգսյանի հետ, ինքը հարցրել է մեր տեսակետները, որի մասին ես պատմեցի, դրանից հետո խմբակ­ցությունում հակակարենկարապետյանական տրամադրություններ ես չեմ հիշում, և նման քննարկում՝ որպես այդպիսին, որ եկեք քննարկենք՝ Կարեն Կարապետյանն է, Վիգեն Սարգսյանն է, թե Միհրան Հակոբյանը, չի եղել:

-Այսինքն՝ Ձեզ համար էլ էր տարօրինակ, թե ինչու չառա­ջադրվեց Կարեն Կարապետյանը:

-Անձամբ ինձ համար՝ այո:

-Սերժ Սարգսյանն ասում է՝ Ես հրաժարական տվեցի, որ արյուն չթափվեր, քանզի հրապարակում բազմաթիվ կանայք, երեխաներ կային, ու միաժամանակ իշխա­նությունը փոխանցեց Կարեն Կա­րապետյանին, ստացվում է՝ Կա­րեն Կարապետյա՞նը պիտի մտներ արյան տակ և ուժ կիրառեր:

-Բայց խնդիրը Սերժ Սարգսյանի հրաժարականն էր, չէ՞, իրենք Սերժին էին մերժում, չէ՞, շարժումն էդպիսին էր, Կարեն Կարապետյանի մասին խոսակցություն չկար:

-Բայց ինչ-որ պահից սկսե­ցին նաև Կարեն Կարապետյանին մերժել, երբ Կարապետյանի ձեռքը բռնած՝ Նիկոլ Փաշինյանը դուրս Եկավ մեկուսարանից ու եկավ հրա­պարակ, այդ ժամանակ սկսեցին նաև Կարենին մերժել:

-Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ կա՛մ ես եմ լինելու Հայաստանի վարչապետ, կա՛մ Հա­յաստանը վարչապետ չի ունենալու: Միգուցե հենց այդ հաշվարկով էլ Կարեն Կարապետյանը հրաժարվեց ստանձնել վարչապետի պաշտոնը՝ հասկանալով, որ եթե իրադրությունը Նիկոլ Փաշինյանը բերում մտցնում է փակուղի, ապա, որպես մարդ, ով սո­վոր է տասը տարին մեկ «մարտի մե­կեր» սարքել և արյուն թափել, հնա­րավոր է, որ արյուն հոսի: Միգուցե դա դեր խաղաց, որ Կարեն Կարա­պետյանը հրաժարվեց ստանձնել վարչապետի պաշտոնը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր