Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով          Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

23 փետ 2021 15:29

Ինձ զրպարտի՞չ են անվանում, դե ուրեմն թող տեղադրեն Էմիրությունների հեռագրի ամբողջ տեքստը․ Հակոբ Ճաղարյանը՝ ՔԱԿ-ի հաղորդագրության մասին

Դա պարզաբանում չէր, այլ հերթական ոչ պրոֆեսիոնալ տխմարությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն՝ անդրադառնալով ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի տարածած հաղորդագրությանը, թե Boeing 737 տիպի օդանավի առեւանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել, եւ ՔԱԿ-ը տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին եւ ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:

«Նախ՝ իրենք գրել են, թե տեղեկությունները, որ առեւանգել են․․․․ ես չեմ տեղեկացրել, որ առեւանգել են, դա փաստերի խեղաթյուրում է, ես հարցրել եմ՝ սա հայկական օդանավի առեւանգու՞մ ,  խաբեությու՞ն, թե՞ պրոֆեսիոնալ անճարություն է։ Կրկնում եմ՝ չեմ ասել, որ առեւանգել են, օդանավը գողացել են կամ ապօրինի գործարք են կատարել ու վաճառել Իրանին, ես ընդամենը հարց եմ տվել։ Օդանավ շահագործողը պետք է բացատրի՝ սա ի՞նչ է, իսկ ավիացիոն իշխանությունները պետք է բացատրեն, թե օդանավն ինչպե՞ս է այնտեղ հասել։ Օդանավ շահագործողն առանց ավիացիոն իշխանությունների տեղյակ պահելո՞ւ է գնացել այնտեղ հասել, թե՞ ավիացիոն իշխանությունները գիտեին, որ պետք է գնար այնտեղ ու թույլ է տվել»,- ասաց Ճաղարյանը։

Այն, որ ՀՀ ՔԱԿ-ը հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից՝ հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առեւանգման մասին, Հակոբ Ճաղարյանն իմացել է Էմիրություններից։

Հարցին, թե երբ ՔԱԿ-ը պարզաբանում է, որ օդանավի առեւանգման մասին հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից, ի՞նչ է նշանակում, Հակոբ Ճաղարյանն ասաց․

«Նշանակում է, որ ինձ զրպարտիչ են անվանում, դե ուրեմն թող տեղադրեն Էմիրությունների հեռագրի ամբողջ տեքստը, դա պետական գաղտնիք չէ, այլ ընդամենը քաղաքացիական ավիացիան կառավարող երկու երկրների իշխանությունների միջեւ նամակագրություն է, եւ ոչ մի կոնֆիդենցիալ բան չկա։ Նրանք հարցում են արել՝ ձեր օդանավը գողացե՞լ են, եղե՞լ է հայջեք, թե՞ ոչ։ Եթե իմ ստացած տեղեկությունը սխալ է, խնդրեմ, թող իրականությունն ասեն, ես էլ կասեմ՝ ինձ ինֆորմացիա տվողը սխալ է եղել, կներեք, իզուր տեղը ջուրը պղտորելու համար»։

Ինչ վերաբերում է ՔԱԿ-ի ամբողջական պարզաբանմանը, ապա Հակոբ Ճաղարյանի խոսքով՝ դա հերթական ոչ պրոֆեսիոնալ տխմարությունն էր։

«Դա նշանակում է, որ ավիացիոն իշխանություններ Հայաստանում չկան, որոնց պետք էր պատերազմը սկսվելուց մեկ օր հետո ձերբակալել, երբ ամբողջ ավիացիան տրորել էին եւ մեկ օդանավ էին թողել։ Պատերազմը Հայաստանը դիմավորել է գրանցված մեկ օդանավով։ Այդ դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը, հենց նույն օրը պետք է քննություն կատարվեր։ Ես մեկ օր սպասել եմ, տեսնեմ կարձագանքե՞ն, քանի որ ոչ աշխատանքային օր էր, բայց երկուշաբթի առավոտյան այդ հարցը պետք է արդեն լուծված լիներ, առաջնահերթ գործողություններ կատարված լիներ, ու մինչեւ կեսօր դրա բացատրությունը տրված լիներ։ Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե երկրի համար դա ինչ սարսափելի հետեւանքներ կարող է ունենալ»,- հավելեց Հակոբ Ճաղարյանը։

Նշենք, որ վարչապետի նախկին խորհրդականը ավելի վաղ Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր,  որ փետրվարի 21-ին ՀՀ ՔԱԿ-ը հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առեւանգման մասին հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից։ Ըստ նրա ունեցած տեղեկությունների՝ օդանավը պետք է վայրէջք կատարեր Երեւանում, բայց օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ՝ տեխսպասարկման:

«Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում: Մանրամասները հաջորդիվ։ Հայաստանը, ցավոք, «ամրագրում» է իր տեղը համաշխարհային ավիացիայի «սեւ ցուցակում»,- գրել էր նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր